Թող Հայաստանը լինի բռնապետական երկիր, բայց՝ անվտանգ, քան ներկայացվի որպես իբր ժողովրդապետական, բայց մնա վտանգված ու «օդից կախված»2024-03-20 00:11:00
Տավուշի մարզից վերադառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, մտնելով տիկտոկյան ուղիղ եթեր ու փորձելով թվարկել պետության տեսակները, հայտարարել է, թե Հայաստանը պատկանում է ժողովրդապետությունների շարքին նախևառաջ շնորհիվ 2018-ին տեղի ունեցած հեղափոխության. իշխանությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում բխում է ժողովրդից, քանի որ ժողովրդապետության մեջ առանցքային գործոնը քաղաքացին է:
Նիկոլ Փաշինյանը, որ իրավունքը սահմանել է որպես ազատությունների և պարտականությունների ճիշտ հարաբերակցություն, փաստորեն, Հայաստանը ներկայացրել է՝ զարգացած ժողովրդավարությամբ պետություն, երկիր, որտեղ կենտրոնում դրված է քաղաքացին, երկիր, որտեղ իշխանությունը ծառայում է քաղաքացուն՝ բխելով նրա կամքից: Միով բանիվ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հռչակել է՝ ժողովրդավարության բաստիոն:
Մի քիչ չափազանցված չէ՞…
Երանի թե Հայաստանն իսկապես լիներ այնպիսին, ինչպիսին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանն իր լայվում: Փաշինյանական ստանդարտները գուցե ակտուալ կլինեին որևիցե եվրոպական զարգացած երկրի դեպքում, բայց՝ ոչ Հայաստանի, քանի որ իշխանությունն առնվազն այսօր Հայաստանում ոչ թե ժողովրդից է բխում, այլ՝ իրավապահ համակարգից. Ո՞ւր էր լինելու ՔՊ-ն, եթե չլիներ ոստիկանական մահակը:
Բանն այն է, որ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը շատ վաղուց: Չի կարող պետությունը կործանող, պետության անկումն առաջնորդող ու դրա հիմքում գտնվող որևիցե իշխանություն համարվել լեգիտիմ կամ ժողովրդավարության կրիտերիաներին համապատասխանող: Փաստ է, որ առնվազը 2020-ից ի վեր Հայաստանը գտնվում է ազատ անկման ռեժիմում, իսկ միակ բանը, որով իշխանությունները զբաղված են այս ողջ ընթացքում, ինքնարդարացումներ են, երբ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են հռչակվում նույնիսկ ասենք աֆրիկյան առյուծները կամ հյուսիսամերիկյան գրիզլիները, բայց ոչ երբեք ՔՊ-ն:
Խոսել այն մասին, թե ինչպիսի կամ ինչ կարգի պետություն է Հայաստանն այսօր, միայն հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե հաջողվի հաջողությամբ հաղթահարել առվազն այն անվտանգային մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց չհաղթահարման դեպքում Հայաստան կարող է և չլինել: Թող Հայաստանը լինի բռնապետական երկիր, բայց՝ անվտանգ, քան ներկայացվի որպես իբր ժողովրդապետական, բայց մնա վտանգված ու «օդից կախված»:
Այս նյութը դիտել են - 878 անգամ