Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
2024-04-23 07:44:00
Հայաստանում տեղի ունեցողի ֆոնին մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հերթական անգամ կասկածի տակ դնելով Ցեղասպանության փաստը: Ցեղասպանությունը հայտարարելով՝ անհիմն հիշողություններ ու կոչ անելով հրաժարվել դրանցից՝ նա վստահեցրել է, որ Փաշինյանը հասկանում է՝ տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում: Միաժամանակ նա չի մոռացել թիրախավորել Սփյուռքին՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին՝ հանուն պայծառ ապագայի:
Այսպիսով՝ Էրդողանը ուղղակիորեն թիրախավորել է Սփյուռքին՝ հստակեցնելով, թե որ սուբյեկտն է այսօր խոչընդոտ հանդիսանում թուրքական պլանների համար: Էրդողանի մեսիջը հստակ է՝ Հայաստանը պետք է կտրի իր պորտալարը Սփյուռքից ու մոռանա Հայոց ցեղասպանության մասին, հայկական պահանջատիրությունից ձեռք քաշի՝ դեմ չգնալով տարածաշրջանային նոր իրողություններին:
Բայց արդյոք Էրդողանի ուղերձն արդիակա՞ն է:
Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությունը գնացել է այն նույն ճանապարհով, որը մատնանշել է Էդողանն իր ուղերձում:
Նույն Զարեհ Սինանյանը ոչ մի ջանք չի խնայել՝ խաթարելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Նա դա արել է՝ կեղծ նարատիվներ ու օրակարգեր ձևավորելով, կեղծ թիրախներ մատնանշելով, ջնջելով այն ընդհանուրը, որի հիմքով շաղկապված էին Հայաստանն ու Սփյուռքը: Այս իմաստով Սփյուռքը վաղուց Հայաստանում որևէ օրակարգ չի ձևավորում, Սփյուռքը վաղուց օտարված է Հայաստանի պետությունից՝ ստիպված լինելով պայքար մղել միայնակ, միայնակ տեր կանգնել պահանջատիրությանը, միայակ բարձաձայնել Ցեղասպանության մասին, որն այսօր հայաստանյան իշխանություններն ընդամենը «Մեծ եղեռն» են անվանում՝ խուսափելով միջազգային իրավական տերմին հանդիսացող «Ցեղասպանություն»-ից, որ հետևանքներ ու պատասխանատվութուն է ենթադրում:
Էրդողանն իրականում չունի անհանգստանալու ոչինչ. Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ թուրքական գծի մեջ են, ամբողջությամբ սպասարկում են Անկարայի շահերը՝ Հայաստանը զրկելով բնական դաշնակիցներից ու կենսունակ պետական համակարգից:
Գուցե ապրիլի 24-ին վարչապետն ու մյուս իշխանավորները շտապեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանութան զոհերի հիշատակին, բայց դա ոչինչ չի նշանակելու այլևս, քանի որ Հայաստանը, ըստ էության, հրաժարվել է պահանջատիրությունից՝ պատրաստ միակողմանիորեն ընդունելու թուրքական բոլոր նախապայմանները:
Այս նյութը դիտել են - 641 անգամ