Շարժման շուրջ համընդհանուր կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է դարձել
2024-05-11 15:10:00

Բագրատ սրբազանը դիմել է սփյուռքահայությանը՝ միանալու շարժմանն ու առավել ակտիվորեն ներգրավվելու ՔՊ-ական իշխանությունների կամ ապօրինի դեմարկացիյաի դեմ պայքարի գործում, քանի որ, ինչպես նշել է սրբազանն իր ուղերձում, հայտնի չէ, թե միակողմանի զիջումների հիմքի վրա ընթացող այս պրոցեսը, որ տեղի է ունենալու նաև մյուս մարզերում, որտեղ է կանգ առնելու:
Հետաքրքիր է, որ այս հայտարարությանը գրեթե զուգահեռ տեղեկություն տարածվեց այն մասին, որ սրբազանը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանի և Գարեգին Չուգասզյանի հետ,և սա՝ այն դեպքում, երբ իշխանությունները չեն դադարում տեղեկատվական տեռորի միջոցով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ասոցացնել գրեթե բացառապես երկրորդ նախագահի հետ:
Արդյոք կա՞ լիարժեք կոնսենսուս Հայաստամի ողջ ընդդիմադիր դաշտի ներսում այս պայքարի վերաբերյալ, և կամ արդյոք նույն ԱԺԲ-ն պատրաստաակամություն հայտնե՞լ է իր ռեսուրսները ներդնել պայքարի մեջ, ասենք նույն սփյուռքին համախմբելու գործում: Հայտնի է, որ դրսում ԱԺԲ-ին համակրողների թիվը փոքր չէ: Կամ կա՞ ուղիղ կապ սրբազանի կոչի ու կայացած հանդիպման միջև:
Մի բան հստակ է՝ սա կրիտիկական պահ է և գուցե վերջին հնարավորությունը՝ տապալելու ՔՊ-ի իշխանությունը: Սա ինչ-որ կուսակցական պայքար չէ՝ անկախ նրանից, թե ինչ ուժեր են այս շարժմանը միացել կամ ովքեր են իրենց սոլիդարությունն արտահայտել սրբազանի հետ: Շարժումը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե իսկապես կայանա այդ կոնսենսուսը, և կան կարծես թե նախադրյալներ՝ արձանագրելու, որ այդ կոնսենսուսն իսկապես կայանալու շանս ունի:
Այս նյութը դիտել են - 749 անգամ