Հերթական կեղծ ընդդիմադիրը2024-05-15 07:43:00
Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում: Իրենց իսկապես ընդդիմադիր համարողները սատարում են Բագրատ սրբազանին՝շարժման մեջ տեսնելով ՔՊ-ից ազատագրվելու ռեալ հնարավորություն:
Այս իմաստով, սակայն, անհասկանալի է մնացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնադրած «Նոր ուժ» կուսակցության դիրքրորոշումը: Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ դրա հիմնադիրն ինքն իրեն ներկայացնում է որպես ՔՊ-ին իրական ընդդիմություն՝ պնդելով, թե հեղափոխությունը դավաճանել է սեփական արժեքներն ու վերածվել չարիքի,ինչի պատճառով ինքը ստիպված հեռացել է: Ավելին՝ Մարությանը կոչ էր արել զգուշանալ բոլոր նրանցից, ովքեր իրեն կկապեն օտար երկրների հետ կամ կհամարեն այդ երկրներից մեկնումեկի խամաճիկը՝ ասելով, որ ով նման բան անի, ուրեմն նիկոլական է:
Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ մինչ շատերը, շարժմանը սատարելով, լինել-չլինելու հարցն են փորձում լուծել, «Կարգին Հայկոն», թողած քաղաքականությունը, դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և Ներքին գործերի նախարարությանը. պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թ. թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի և հայցվորի՝ Երևանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի:
Մինչ դրսում որոշվում է Հայաստանի ապագայի հարցը, Մարությանը փորձում է լուծել իր քաղաքապետարանի շենք մտնել-չմտնելու խնդիրն այնպես, կարծես դրանից է կախված Հայաստանի հետագա գոյությունը:
Հետզհետե շատ դժվար է դառնում Հայկ Մարութանին ու նրա «Նոր ուժին» ընդդիմություն համարելը կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարում անկեղծ կարծելը, քանի որ բոլոր անկեղծ ընդդիմադիրներն այսօր շտապում են իրենց սատարումը բերել շարժմանը, իսկ ահա Մարությանը խուսանավում է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ փորձելով լուծել անձնական խնդիրներ:
Երևի հասկացել է, որ շանս չունի քաղաքապետարանի շենք վերադարձի, եթե անգամ շարժումը հաղթի, այդ իսկ պատճառով էլ չի շտապում միանալ դրան՝ չցանկանալով անիմաստ տեղը սրել նախկին թիմակիցների հետ իր հարաբերությունները: Քյար չունի:
Այս նյութը դիտել են - 951 անգամ