Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը 2024-05-16 19:29:00
Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝ այս երկուսն էլ ներկայացնելով որպես կոռուպցիայից բացարձակ զերծ երևույթներ, «Հետք»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ուղիղ հակառակի մասին են փաստում:
Մասնավորապես՝ պարզվում է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ ծակքարեցի Գնել Սանոսյանի՝67-ամյա թոշակառու մայրը միլիոնատեր է. նա մոտ 230 000 դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում և այն էլ՝ թուրքական համամով:
Ըստ «Հետք»-ի՝ Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում, ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։
Երանի՜ թե Հայաստանի բոլոր թոշակառուները Սանոսյանի մոր նման բարեկեցիկ լինեին՝ փողին փող չասող: Դժվար չէ պատկերացնել, թե որքան հիասքանչ երկիր կլիներ Հայաստանը՝ համաշխարհային բոլոր ռեկորդները գերազանցող: Բայց չգիտես՝ ինչու, այստեղ գերհարուստները միայն ներկա կամ նախկին պաշտոնյաների հետ ազգակցական կապեր ունեցող կամ նրանց նեղ շրջապատից ելնող քաղաքացիներն են՝ հաճախ նման շքեղ տներ կամ բիզնեսներ ձեռք բերելով:
Ո՞վ է հիշում, ինչո՞ւ 2018-ին Հայաստանում եղավ հեղափոխություն: Եղավ, որպեսզի այսօրինակ երևույթները բացառվեն, որպեսզի պաշտոնյաներն իրենց թալանածը սեփական մոր կամ զոքանչի անունով չանեն, որպեսզի երկրում սոցիալական հավասարություն տիրի, որպեսզի շարքային հայ մարդն իրեն խաբված ու նվաստացած չհամարի:
Ի՞նչ ստացանք:
Ստացանք, օրինակ, Գնել Սասնոսյանի միլիոնատեր թոշակառու մամա, որ գեշ փողատեր լինելուց զատ նաև պետությունից փող է ստանում, որ ամսական մի քանի տասնյակ հազար դրամով քիչ-քիչ միլիոնատեր դառնա:
Այսքանից հետո կլինի՞ խելքը գլխին մեկը, ով կհամարձակվի ասել, թե Հայաստանում ինչ-որ բան է փոխվել դբա լավը՝ Արցախի կորուստն ու անվտանգային մարտահրավերները չհաշվելով:
Այս նյութը դիտել են - 841 անգամ