Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ2024-05-28 13:19:00
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել այսօր՝ ավելի վաղ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։
«Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։
Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»,- ասված է հաղորդագրությունում։
Այս նյութը դիտել են - 1851 անգամ