Թուրքերի սիրելին. ինչո՞ւ են Հայաստանի ղեկավարին գովաբանում միայն թուրքերը2024-05-30 10:49:00
Հայաստանում ընթացող բուռն ներքաղաքական պրոցեսների ֆոնին Նիկոլ Փաշինյանին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը՝ գովաբանելով Հայաստանի վարչապետին: «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսպիսով այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,-հայտարարել է Քըլըչը, որին, պարզվում է, հիացրել է Փաշինյանի՝ իրականությունը տեսնելու կարողությունը. Փաշինյանը, ըստ թուրքի, տեսել է, որ պատմական հայկական հողերի գաղափարը սխալ է և ընդունել է իրականությունը:
Սրանից առաջ էլ օրերս Իլհամ Ալիևն էր անդրադարձել Հայաստանին՝ հասկացնելով, որ իրենք ուշադիր հետևում են ներհայաստանյան պրոցեսներին: Նա սպառնացել էր «ռևանշիստներին» ու հայտարարել, թե ոմանք տարածքային պահանջներ են նեկայացնում Ադրբեջանին, բայց ինքն ապավինում է ադրբեջանական բանակին, որ չի դադարում զինվել:
Թուրք-ազերիական տանդեմի այսօրինակ ակտիվությունը պատահական չէ: Նրանք հասկանում են, որ Հայաստանում իրավիճակը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից, քանի որ ինչ-որ պահից սկսած՝ Փաշինյանը կարող է կորցնել իրադրաձությունների վրա ներազդելու հնարավորությունը՝ ստիպված լինելով հեռանալ:
Նիկոլ Փաշինյանի հեռացումը խաչ կքաշի թուրք-ադրբեջանական տանդեմի ու դրա հովանավորների աշխարհաքաղաքական ծրագրերի վրա, ուստի կանեն ամեն ինչ՝ պահելու ՔՊ-ական իշխանությունը: Ադրբեջանում խոսում են հարկ եղած դեքպում զորք մտցնելու պատրաստակամության մասին, ինչն ուղղակիորեն ցույց է տալիս, թե ով է այս իշխանությունների հիմնական շահառուն:
Բայց արդյոք Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանի խոսքերն ի վնա՞ս, թե՞ հօգուտ Նիկոլ Փաշինյանին են: Եթե մի երկրի ղեկավար գովվում է թշնամու կողմից, այդ տեսարանը կարո՞ղ է նորմալ համարվել, չի՞ վանի հանրությանը, հարված չի՞ լինի՝ ՔՊ-ի զրոյական վարկանիշին:
Իրականում թուրք դիվանագետի խոսքերի տողատակերում կա ուղերձ՝ հենց Փաշինյանին, և այն հետևալն է՝ չփորձե՛ս հանկարծ կիսատ թողնել սկսած գործդ, պարտավո՛ր ես մինչև վերջ տանել Հայաստանը զրոյացնելու քո հանձնառությունը, հակառակ դեպքում կլինեն անկանխատեսելի հետևանքներ:
Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է թուրքերի ձեռքին գերի: Նրանք այնքան կոմպրոմատ ունեն նրա դեմ, որ կարող են թելադրել ինչ ցանկանան, ինչ մտքներով անցնի, ինչ խելքներին փչի: Այս իրավիճակում ՔՊ-ն Հայաստանի համար առավել տոքսիկ է, քան նույնիսկ Իլհամ Ալիևն ու Էրդողանը՝ միասին վերցրած, առավել վտանգավոր է, քան թուրքական ու ադրբեջանական բանակները՝ իրար գումարած:
Այս նյութը դիտել են - 919 անգամ