Ոստիկանական ամենաթողության քաղաքական պատճառները2024-06-17 23:08:00
Հունիսի 12-ին Բաղրամյանի վրա տեղի ունեցած նախճիրը՝ Ոստիկանության կատարմամբ, ոչ միայն բուռն կրքեր է առաջ բերել հասարակության մեջ, այլև՝ այնպիսի հարցեր, որոնք, ցավոք, դժվար էլ թե գտնեն պատասխաններ այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ն է իշխանության: Մասնավորապես՝ օդից կախված է մնում քաղաքացիների դեմ անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը, և սա՝ այն դեպքում, երբ իշխանական քարոզչամեքենան ու ՔՊ-ական պատգամավորներն ամեն ինչ անում են՝ ստեղծելու թյուր տպավորություն, թե բռնության ենթարկվածները ոչ թե ցուցարարներն են, այլ՝ ոստիկանները:
Հայ իրականության մեջ սա, իհարկե, առաջին դեպքը չէ, և միայն ասենք Գասպայան Վովայի օրոք Ոստիկանության գրանցած պրակտիկան բավարար է՝ փաստելու, որ այն, ինչ կատարվում է այսօր, շատ իմաստներով անցյալի տխուր ավանդույթների շարունակականության հետևանք է: Ավելին՝ գուցե այն ժամանակ մեկ-երկուսին պատժում էին, որ, ինչպես ասում են, ցույց տալու բան ունենան դրսին, այնինչ այսօր ո՛չ ներսից են վախենում, ո՛չ էլ՝ դրսից:
Իրականում Ոստիկանության հետ օրենքի լեզվով խոսելու ռեսուրս այս իշխանություններն օբյեկտիվորեն չունեն. իշխանությունները հենվում են ոստիկանական բազկի վրա, հետևաբար՝ եթե իշխանությունները քրեական պատասխանատվության ենթարկեն իրենց շահի համար քաղաքացու վրա ձեռք բարձրացրած որևէ ոստիկանի, ապա վաղը, երբ էլի պետք գա Ոստիկանության օգնությունը, այլևս ոչ մի ոստիկան կամ կարմիրբերետավոր նույն համառությամբ ու ջանասիրութամբ ՔՊ-ի համար վիզ չի դնի:
Համաձայնեք, որ անհնար է մի ձեռքով հազարավոր դոլարների պարգևավճարներ բաժանել, իսկ մյուս ձեռքով՝ կանդալել:
Արդյուքնում իշխանությունները հայտնվում են պատային իրավիճակում. անպատիժ կերպով ուժ չկիրառեն, աթոռը կկորցնեն, ոստիկաններին պատժեն, ոստիկաններն էլ իրենց կարող են պատժել՝ վճռական պահին ընդդիմության կողմն անցնելով:
Այս նյութը դիտել են - 1232 անգամ