Իշխանությունները կատարելագործել են փողերի լվացման ապարատը
2024-06-18 22:14:00
Ոմանց ուշադրության կենտրոնում է հայտնվել բավական կասկածելի մի փաստ: Պարզվում է, որ Շուռնուխի՝ իրենց անասնագոմերով 13 տան շինարարության վրա ծախսվել է մոտ 3 մլն դոլար: 13 գյուղական տուն՝ 3 մլն դոլարով, այսինքն՝ ամեն մի տան վրա ծախսվել է ավելի քան 230000 դոլար գումար:
230000 դոլարով Երևանում կարելի է ձեռք բերել ընտիր առանձնատուն՝ իր բոլոր հարմարություններով: Շուռնուխցիների համար Երևանո՞ւմ են տներ սարքել՝ անասնագոմերով: Որովհետև այնտեղ, որտեղ շուռնուխցիների համար կառուցել են այդ տները, տների ինքնարժեքը նշված գումարից մի 10 անգամ պակաս է երևանյան գներից: Ակնհայտ է, որ գործ ունենք փողերի լվացման անթաքույց դեպքի հետ. տարիներ ի վեր տների կառուցան ձգձգումը կարող է պայմանավորված լինել հենց այդ հանգամանքով:
Բայց այստեղ մեկ այլ հարց էլ է առաջանում՝ վերջերս աղետից տուժած մարզերի վերականգնման հետ կապված: Բնության հասցրած վնասների վերականգնման համար է՞լ է տարիներ պահանջվելու, դրա միջոցով է՞լ են փողեր լվացվելու, «ատկատներ» արվելու՝ բաներ, որոնց պատճառով 2018-ին տեղի ունեցավ հեղափոխությունը, և որոնք վերացնել էր խոստանում Նիկոլ Փաշինյանը: Եթե 13 տուն կառուցելու վրա 3 մլն դոլար փող են ծախսում, բա ասենք 1300 տուն ու գոմ վերակառուցելու վրա որքան կծախսեն…
Սա խոսում է ոչ թե թափթփվածության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որոնք էլի անթույլատրելի են, այլ՝ կատարելագործված այն կոռուպցիոն մեխանիզմների առկայության, որոնց օգնությամբ ՔՊ-ական իշխանությունը հարստացնում է իր գրպանները՝ ցինիկաբար հայտարարելով, թե երկրում չկա համակարգային կոռուպցիա, բայց «տակից» հարստանալով:

Այս նյութը դիտել են - 1235 անգամ