Այսօր Փախստականների միջազգային օրն է, նաև` հայրենազուրկ արցախցիներիս օրը2024-06-20 15:42:00
Մեր արմատները մնացին Արցախում, իսկ մենք փախստական ենք։ Այսօր Փախստականների միջազգային օրն է, նաև` հայրենազուրկ արցախցիներիս օրը։
Պատերազմից փրկվածներ ենք, մահվան սարսափից փրկվածներ, հրդեհից փրկվածներ, սովահարությունից, ցրտից, մթությունից փրկվածներ, ցեղասպան թշնամուց փրկվածներ ենք...
Բռնի տեղահանված փախստական արցախցիներին հեռվից կարելի է ճանաչել, երբ կոտրված են, ջարդված, փշրված, բայց փախստականի ցուպը չէր մեր ձեռքին, երբ փորձում էինք կյանքներս փրկել։ Մեր հետևում մահ էր, առջևում` թշնամու որջը, որով պիտի անցնեինք։ Ու անցանք, երբ մահվան ուրվականն էր մեզ հետևում չռված աչքերով, արյան ծարավով...
Ես, դու, նա... Մենք ինչու՞ ենք փախստական, ինչու՞ ենք բռնի տեղահանված, ինչու՞ այնքան զոհեր տվեցինք, ինչու՞ Արցախը մեկուսացրին աշխարհից` զրկված կապի միջոցներից, համացանցի հասանելությունից...
Իննամսյա սովահարությունից հետո շրջափակված արցախցիներիս գլխին կրակ թափեցին` չխնայելով մեծ ու փոքր, երբ Աստված էինք կանչում փրկվելու համար։
Մայր հայրենիքում օժանդակություն արցախցիներիս նյութական թե հոգևոր առումով, որը չէր կարող մեր կոտրված սրտերին սպեղանի դառնալ, երբ հայրենիքը հեռվում էր մնացել։
Ամիսներով գիշերային թե ցերեկային հերթերում` փախստականի վկայական ստանալու համար։
Արհեստական դժվարություններ Արցախից բռնատեղահանվածներիս համար, որ մի կերպ հաղթահարում ենք։
Բնակարանային վարձեր, որից ցնցված ենք, թե էլ ի՞նչ փախստական, եթե կարող ենք այդքան թանկ գներով բնակարաններում ապրել։
Աշխատանք չունեցող արցախցիներ, անգործության մատնված բուհի դիպլոմներ...ու արցախցիների հանդեպ տարբերակված մոտեցում։
Մայր հայրենիքում ենք, բայց Արցախը մեր հետևից կանչում է։ Փախստականը ո՞րն է, երբ մեր վերադարձի ցանկության կողքին Արցախը գերության մեջ է։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1349 անգամ