Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը
2024-07-03 13:29:00
Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել նաև վարչապետ Փաշինյանի հետ, վերջին շրջանում նկատվող հայ-ամերիկյան բարձրաստիճան շփումների տրամաբանության ծիրից ներս տեղավորվող իրադարձություն պետք է համարել: Նման կազմով ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան հուշում է, որ Վաշինգտոնում կարծես թե լուրջ են տրամադրված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցում ու բնավ դեմ չէին լինի, եթե դրա մակարդակը բարձացվեր ռազմարական գործընկերության մակարդակի:
Թե կոնկրետ ինչ առաջարկներով ու առաջադրանքներով է ամերիկյան պատվիրակությունն այս անգամ եկել Երևան, թերևս դժվար կլինի ասել, քանի որ երկկողմ բանակցությունների բուն բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունները տվյալ դեպքում ավելի շատ քողարկում, քան բացահայտում են բանակցությունների բուն էությունը, բայց ինչ էլ լինի, կասկած չկա, որ այդ բանակցությունների մեխը եղել է ոչ միայն Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի հարցը՝ պայմանագիր, որի կնքման հարցում Վաշինգտոնն ակնհայտորեն շտապում է՝ պայմանավորված իր իսկ աշխարհաքաղաքական շահերով ու հաշվարկներով: 
Արևմուտքը, ըստ էության, Հայաստանի առաջ խնդիր է դրել՝ հնարավորինս թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը, ու չնայած հայտարարությունների մակարդակով ՔՊ-ական իշխանությունը կարող է իր հակառուսականութամբ մրցել անգամ ուկրաինական ղեկավարության հետ, բայց գործնականում այդ քայլերը միսուարյուն չեն ստանում՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով:
Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից միայն անվտանգային չէ: Ավելին՝ այսօր անվտանգային բաղադրիչն էականորեն թուլացել է, իսկ առաջին պլան է մղվել տնտեսականը: Եթե իսկապես Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ցանկանում է Հայաստանը տեսնել իր դաշնակցի կարգավիճակում, ապա պետք է ռեալ այլընտրանքներ առաջարկի: Այդ առաջարկները քննարկելու համա՞ր են ամերիկացիները եկել Երևան: Թերևս, ու հիմա մնում է հասկանալ, թե ինչպիսին է ՀՀ իշխանութունների տրամադրվածությունն Արևմուտքի հետ հարաբերություների խորացման հարցում մի դեպքում, երբ նույն ՔՊ-ն բնավ չի համապատասխանում ժողովրդավարության ստանդարտներին՝ ստեղծելով Հայաստանում փաստացի բռնատիրություն: Այլ կերպ ասած՝ Արևմուտքի հետ անկեղծ երկխոսությունը կարող է վտանգավոր լինել Փաշինյանի իշխանության համար, քանի որ այն վաղուց ժողովրդի համակրանքը չի վայելում: Փաշինյանն ավելի շուտ կարող էր զարդարել բռնապետների համաշխարհային ակումբը, քան համարվել «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդ: Արդյոք այս հարցը ընդգրկվե՞լ է Վիքերի պատվիրակության օրակարգում:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի համար չափազանց էական հարց է աշխարհում սեփական հեղինակութան հարցը: Փաստ է, որ Հայաստանում այդ հեղինակութան հիմնական սասանողը ՔՊ-ական իշխանությունն է, ուստի եթե իսկապես կա ցանկություն՝ խորացնելու Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու դրանց հաղորդելու նոր որակ, ապա ամերիկացիները Նիկոլ Փաշինյանի առաջ պետք է դնեն ժողովրդավարության մինիմալ նորմերի պահպանման հստակ պահանջ, քանի որ «սվաղելով» ՔՊ-ի հանցանքերը՝ արևմտյան դեսպանատները մեծ հարված են հասցնում իրենց հեղինակությանը՝ իրենց իսկ կառավարությունների համար դրանից բխող բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով:
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 1049 անգամ