Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
2024-07-08 11:41:00

 


ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանի առեղծվածային մահվան դեպքից: Բանն այն է, որ Գեղարքունիքի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանը 2023 թվականի օգոստոսի 2-ին ազատվել էր պաշտոնից: Նրա եղբայրը՝ Կամո Խաչատրյանը եւս դատախազ է եղել եւ աշխատել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ ու պաշտոնից ազատվել է 2023 թվականի մարտի 27-ին։
Արդյունքում, դատախազությունից ազատված երկու եղբայրներն էլ դիմել էին ՀՀ քննչական կոմիտե՝ աշխատելու նպատակով ու արդյունքում երկու դատախազ եղբայրներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը, սակայն ողբերգական ու առեղծվածային դեպքը խլեց եղբայրներից Կարեն Խաչատրյանի կյանքը: Իրավապահները, հաշվի առնելով դեպքը, երեկվանից նոր սկսել են քննչական գործողությունները:
Նշենք, որ կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. հուլիսի 7-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։
Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան

Այս նյութը դիտել են - 1348 անգամ