Իշխանությունների հարգանքի տուրքը՝ ծերուկ Վովային2024-07-09 11:17:00
Գասպարյան Վովայի շուրջ գրեթե 1 տարի ծավալվող դատաիրավական էպոպեան անփառունակ վախճան է ունեցել: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա ամռանը Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լվացել էր հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք: Դատարանը, մեղավոր ճանաչելով Գասպարյան Վովային, այնուամենայնիվ, որոշել է ազատել նրան պատժի կրումից ինչպես համաներմամբ, այնպես էլ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վովայից, որին սպառնում էր 11 տարվա ազատազրկում, որոշել են գանձել ընդամենը 200000 դրամ՝ այն էլ որպես դատական ծախս:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե իրականում ինչ է խորքում իրենից «նոր» Հայաստանը ներկայացնում: Դա մի երկիր է, որտեղ արդարության հասնելը պրակտիկորեն անիրականանալի մի բան է, երկիր է, որտեղ նախկին մեծ ու մանր չինովնիկները հաճախ հաջողությամբ ռեաբիլիտացվում են՝ ազատվելով պատասխանատվությունից, և սա՝ այն դեպքում, երբ 2018-ին հեղափոխականները խոստանում էին ողջ հայ ժողովրդին բռնել ու պատժել հանրաճանաչ կոռուպցիոներներին, ինչի շնորհիվ էր, ըստ էության, որ հեղափոխությունը հասավ շռնդալից հաջողության:
Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է ՔՊ-ն պատժի Գասպարյան Վովային, եթե շատ իմաստներով հենց նրա ձեռամբ էր, որ այսօրվա քաղաքական ղեկավարությունը բերվեց իշխանության: Վովայի վերաբեյյալ կայացված վճիռը պետք է համարել իշխանությունների կողմից նրան մատուցված հարգանքի տուրք, շնորհակալական ակտ, քանի որ եթե չլինեին վովաները, Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակելու էր ընդամենը խմբագրել «Հայկական ժամանակը»:
Մյուս կողմից՝ Վովայի հանդեպ վերաբերմունքը կարող էր լինել բոլորովին այլ, եթե դա քաղաքական դիվիդենտներ բերեր ՔՊ-ին: Բայց դե ծերուկը վաղուց մարած, հյուծված կերպար է արդեն, որի հետևից ընկնելը լրիվ անիմաստ կլիներ
Այս նյութը դիտել են - 1949 անգամ