Եթե Արարատ Միրզոյանը թուրքի շահն է պաշտպանում, ի՞նչ տարբերություն՝ քանի դեսպանատուն ունենք ու քանի երկրում
2024-08-27 10:41:00
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ներկա գտնվելով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին, դրվատանքի խոսքեր է շռայլել Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատող ՀՀ դիվանագետների հասցեին ու նաև նշել. «Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը»: 
Թվում է՝ նախագահն ասել է դասագրքային ճշմարտություն, բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ դասագրքային ճշմարտությունը կարո՞ղ է պահպանել իր բնույթը մի դեպքում, եթե Արարատ Միզրոյանն է բազմած ԱԳՆ-ում:
Այո՛, որքան լայն է գործող դեսպանատների աշխարհագրությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ արատաքին ճակատում տվյալ երկրի հաջողությունները շոշափելի կլինեն: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանը նորմալ, օրդինար պետություն չէ. նորմալ երկրների արտգործնախարարությունները սպասարկում են իրենց պետական շահը, իսկ Հայաստանինը՝ թշնամունը:
 Հետևաբար՝ եթե Արարատ Միզրոյանը, որին թուրքերը քնքշորեն Արաբատ են անվանում, սպասարկում է օտարի, թշնամու շահը, ինչպե՞ս պետք է կամայական երկրում գտնվող ՀՀ դեսպանատունը սպասարկի Հայաստանի ազգային շահերը: Դեսպանները, որոնց մի ստվար հատվածը չունի նույնիսկ մասնագիտական կրթություն, տեղով կրակ էլ դառնան, չեն կարող վերադասի «գլխից թռչել» ու Հայաստանի շահ սպասարկել. ԱԳՆ-ն սպասարկում է Թուրքիայի ազգային շահերը, Կառավարությունը քայքայում է Սփյուռքը, ջանք չի խնայում՝ Արցախի հարցը հավերժ թաղելու ու Ցեղասպանության խնդիրը մոռացության տալու: Այս իրավիճակում ի՞նչ տարբերություն, թե քանի հատ դեսպանատուն կունենա Հայաստանը ու քանի երկրում:
Այս նյութը դիտել են - 348 անգամ