Արտահերթ ընտրությունների պարադոքսը. հնարավորությո՞ւն, թե՞ փակուղի
2024-08-30 09:45:00
Չբացառելով, որ իշխանությունները կարող են գնալ արտահաերթ ընտրությունների ճանապարհով՝ Իշխան Սաղաթելյանը միաժամանակ դա բացատրել է իշխանությունների ցանկությամբ՝ վերարտադրվելու: «Նախ՝ դա նրանց հնարավորություն կտա ամրապնդել իրենց դիրքերն իրականացվող ծրագրերն ավարտին հասցնելու գործում։ Երկրորդ՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին արագ որոշում ընդունվի, իշխանությունները սովորաբար ավելի լավ են պատրաստվում, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել առավելության», - մասնավորապես՝ ասել է նա:
Արտահերթ ընտրությունների թեման նոր չէ: Այն բավական ակտիվացավ հատկապես Սրբազան շարժման պայքարի բուռն օրերին, երբ քննարկվում էր նույնիսկ այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանին պետք է գահընկեց անել արտահերթ ընտրությունների՞ միջոցով, թե՞ առանց դրանց, ո՞րն է ավելի նպատակահարմար: Դա այն շրջանն էր, երբ իշխանությունները բավական թույլ էին, հողը, ինչպես ասում են, գնում էր Փաշինյանի ոտքերի տակից:
Ի՞նչ կատարվեց հետո, որ իշխանությունները սկսեցին ավելի ինքնավստահ զգալ, գիտեն բոլորը: Սեպտեմբերին Սրբազան պայքարը կրկին թևակոխելու է թեժ փուլ: Որոշ վերլուծաբաններ, սակայն, լավատես չեն փողոցային պայքարի արդյունավետության առումով, քանի որ կարծում են՝ ներկա իրողությունների պայմաններում անհնար է փողոցային պայքարի միջոցով հասնել Փաշինյանի հրաժարականին:
Երբ Սաղաթելյանը խոսում է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրման մասին, հենց դա՞ նկատի ունի, թե՞ ամեն ինչ չէ, որ կորած է, և դեռ հնարավոր է իրավիճակը փրկել: Կամ՝ եթե ընդդիմությունը վստահ է, որ հասարակությունը երես է թեքել ՔՊ-ից, ինչո՞ւ է համարում, որ արտահերթ ընտրությունների միջոցով կարող է լինել իշխանութունների վերարտադրություն, այլ ոչ թե հեռացում: Թվում է՝ արտահերթ ընտրությունները պետք են նախևառաջ ընդդիմությանը՝ իշխանություններին սահմանադրական ճանապարհով հեռացնելու համար:
Արտահերթ ընտրությունները, իհարկե, ռիսկային են նաև իշխանությունների համար, սակայն շատ ավելի ռիսկային կարող են լինել ներկայիս ընդդիմության համար: Հայաստանում ոչ ոք ընտրակեղծարարությունը դեռ չի բացառել, և եթե դրանով հաջողությամբ զբաղվում էին նախկինները,ապա հարկ եղած դեպքում ինչո՞ւ պետք է այդ գործիքակազմից չօգտվեն ներկաները:
Ընդդիմությունը պետք է ներկայացնի հստակ ծրագիր, օրակարգ ու ապագայի տեսլական, պետք է ներկայացվեն այն բանաձևերը, որոնց օգնությամբ լուծվելու են Հայաստանին պատուհասած ներքին ու արտաքին մարտահրավերները: Եթե դա չարվի, ապա իշխանություններին «ձեռնոց նետելու» պրոցեդուրան կարող է հակառակ էֆեկտ ունենալ՝ հզորացնելով ու ամրապնդելով ՔՊ-ի իշխանությունը, այն դարձնելով անսասան:
Այս նյութը դիտել են - 371 անգամ