Վովայաբարո փիա՞ռ, թե՞ իրական պայքար 2024-08-30 14:53:00
Կարճ ժամանակահատվածի ընթացքում Ոստիկանությունը Երևանում հերթական «ռեյդն» է կազմակերպել՝ ստուգելով շուրջ 600 մեքենա. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողների ու պարեկների համատեղ ջանքերով պահպանման հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա, տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ է տեղափոխվել 37 անձ, նաև բաժին է ներկայացվել 1 անձ, ինչպես նաև հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք, թմրամիջոց և այլն: Հայտարարարվում է, որ նման «ռեյդերը» շարունակվելու են հետայսու ևս:
Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե արդյոք այս ամենն իսկապես արվում է՝ ելնելով ծառայողական նպատակահարմարությունից, թե՞ գործ ունենք հերթական փիառ ակցիայի հետ:
Հայաստանում, նկատենք, ոստիկանական փիառի հիմնադիր է համարվում անբերահույս տարր հանդիսացող Գասպարյան Վովան. նա էր նախկինների ժամանակ անհատակ փողեր ծախսում իր ու Ոստիկանության փիառը կազմակերպելու համար՝ փորձելով հանրությանն շրջանում ստեղծել բարեխղճորեն աշխատող ու համակարգին ծառայող ոստիկանապետի տպավորություն:
«Բարի ավանդույթները» շարունակվում են նաև նոր Հայաստանում՝ հաճախ ստանալով առավել կրեատիվ ու կատարելագործված երանգավորում:
Հայաստանը խորտակվում է նարկոթրաֆիկի ճահճում, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ երկրում տարեցտարի է՛լ ավելի է շատանում հանցագործությունների թիվը և այլն: Արդյոք այս «ռեյդերը», որ է՛լ ավելի դժոխային են դարձնում քաղաքային թրաֆիկը, ունա՞կ են շտկել իրավիճակը, թե՞ ընդամենը կրում են փիառային բնույթ՝ հիշեցնելով վովայական գործելաոճը:
Համենայն դեպս՝ անփորձ մարդու մոտ կարող է ստեղծվել տպավորություն, թե երկրում իրական պայքար է ընթանում ասենք նարկոթրաֆիկի կամ թմրամիջոցների անվերահսկելի տարածման դեմ, այն դեպքում, երբ ճիշտ հակառակն է տեղի ունենում. նարկոմանիան երկրում արդյունաբերական մասշտաբների է արդեն հասնում, իսկ գործվող ծանր հանցագործություններն էլ դարձել էն հայաստանցիների կենցաղի մի մասը:
Թող փիառշիկ Վովայի ճակատագիրը դաս լինի մյուսներին: Դատարկ փիառով շատ տարվելը դեռ ոչ մեկին լավ տեղ չի տարել:
Այս նյութը դիտել են - 509 անգամ