ՔՊ-ն պատերազմ է հայտարարում ընդդիմադիր մտավորականությանը
2024-09-05 14:40:00

Այն, որ բոլոր ժամանակներում Հայաստանի կրթօջախները եղել են ժամանակի իշխանություններին հլու-հնազանդ, նրանց ազդեցութան տակ, հայտնի փաստ է: Կոնկրետ ԵՊՀ-ն, որ այսօր վերածվել է ՔՊ-ական իշխանությունների ազդեցութան տակ գտնվող կամ այդ ազդեցությունից խեղդվող հաստատության, եղել է առաջնային թիրախ միշտ:
ՀՀԿ-ի ժամանակ ընդդիմություն աշխատած ներկայիս իշխանություններն այն ժամանակ քարը քարին չէին թողնում իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատություններում՝ վստահեցնելով, որ եթե իրենք գան իշխանության, ապա տրամաբանությունը լրիվ այլ է լինելու՝ավելի դեմոկրատական:
Հանրային դաշտում մեծ արձագանք է գտել ԵՊՀ-ից մոտ մեկ տասնյակ դասախոսների հեռացման փաստը քաղաքական հայացքների հիմքով: Բոլոր այն ընդդիմադիրները, որոնք դասավանդում են ԵՊՀ-ում, հայտնվել են թիրախի տակ՝ դուրս մնալով իրենց երկարամյա աշխատավայրից, իրենց գիտելիքներն ու փորձը սերունդներին փոխանցելու առաքելությունից զրկվելով:
Բոլոր ժամանակներում քաղաքական պրոցեսների հիմնական գեներատորն ու շարժիչ ուժն ուսանողությունը, երիտասարդությունն է եղել: Սրանում համոզվելու համար բավական է ընդամենն ուսումնասիրել հեղափոխությունների համաշխարհային փորձը: Արդյոք իշխանություններն իրենք իրենց համար վտանգ չե՞ն տեսնում՝ վարվելով այսպես՝ հատկապես նկատի ունենալով սպասվելիք իրադարձությունները փողոցում, թե՞ ներսից ճանաչելով ներկայիս երիտասարդությանը՝ լավ գիտեն, որ ոչ մի էական բողոք էլ չի լինելու,և երիտասարդությունը չի ըմբոստանալու:
Ներկայիս հայ հասարակության հոգեվիճակն իսկապես աննախանձելի է: Բոլոր խավերը, հանրային սեգմենտները բավական մարգինալիզացված վիճակում են գտնվում՝ քաղաքական առումով շատ քիչ վտանգ ներկայացնելով իշխանությունների համար: Դժվար թե որևիցե զարգացած երկրում որևիցե իշխանություն կարողանար բացահայտորեն հալածել այն մտավորականներին, որոնք ինչ-ինչ հարցերում անհամաձայնություն են հայտնում: Բայց սա Հայաստանն է՝ երկիր, որի հանրայն հոգեբանությունը որևիցե գիտական բացատրության չի տրվում, որտեղ նույնիսկ ֆիզիկայի օրնենքերն են տեղ-տեղ խոտանվում:
Այս նյութը դիտել են - 420 անգամ