Երեկ օրը թումանյանական էր, մասնակցում էինք Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում Թումանյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
2024-09-18 06:47:00
Երեկ օրը թումանյանական էր, մասնակցում էինք Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում Թումանյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ինձ հետաքրքրում էր այն «Ոսկե դարանը», որը պարզվեց` շտեմարան է Թումանյանի հեքիաթների և բանահյուսական արժեքների տարածման համար` աուդիո տարբերակով։ 
Նախապես տեղեկացա, որ այդ ձայնադարանում 22 հեքիաթ է` տաղանդավոր դերասանների և մտավորականների ընթերցմամբ, երաժշտական ձևավորմամբ։ Այն շատ տեղին էր բնութագրված, որ «Ոսկե դարանը» թումանյանական պատուհան է դեպի մեծ աշխարհ։
Թանգարանն իր դռները բացել էր հյուրերի առջև` մասնակցելու «Ոսկե դարան» բջջային հավելվածի շնորհանդեսին։ Եվ որքա՜ն գեղեցիկ էր ձևակերպված միտքը, որ
Ո Ս Կ Ե Դ Ա Ր Ա Ն Ը Թումանյանի հեքիաթների խորը, անծայր, հարուստ ու շքեղ աշխարհի ոսկե բանալին է։
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանի խոսքը շատ իմաստալից էր, նորօրյա, որ թանգարանների պահանջները փոխվել են ու ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` անհրաժեշտություն է դառնում նորովի մատուցել Թումանյանին, ով մի յուրօրինակ կամուրջ է դառնում Արևմուտքի և Արևելքի միջև։
Տեսանյութով նույնպես լսելի ու տեսանելի էին թանգարանի մասնագետները։ Ամբողջական գաղափար տրվեց ձայնադարանի բջջային հավելվածի մասին։ 
Հետաքրքիր էին ելույթները արվեստի տարբեր ոլորտների` դերասան, ասմունքող, նկարիչ, թարգմանիչ, երաժիշտ, երբ յուրաքանչյուրը յուրովի իր մասնակցությունն է ունեցել Ոսկեդարանի ստեղծմանը։ Ինչպիսի խոր վերլուծություն Թումանյանի հեքիաթների, որ նոր օրերի լույսի տակ ներկայացվեց, և որքան արդիական հնչողություն ուներ ամեն մի հեքիաթ։
Դպրոցականները Արցախի բարբառով կարդացին «Սուտասան» հեքիաթը։ Փոքրիկ նվերները տնօրենի կողմից ուշադրություն էր արժանվույնս։
Ոսկեդարանը հնարավորություն է տալիս տարբեր լեզուներով և բարբառներով ամենուր լսելի դարձնել Թումանյանի հեքիաթները, որը դեռ համալրվելու շարունակականություն ուներ։ Այդ բջջային հավելվածի իրականացմանը բարեսիրտ մարդիկ են ներդրում կատարել, հավատացել այդ գաղափարը կյանքի կոչելուն։ Շնորհակալագրերով և մեդալով նրանց պարգևատրությունը Լուսինե Ղարախանյանի կողմից երախտագիտության արտահայտություն էր։ 
Միջոցառման ավարտը մտերմիկ ու հյուրընկալ միջավայրում էր` ստացած տպավորություններով, հետաքրքիր զրույցներով, շնորհակալական խոսքերով...
Տարիների հեռվից Ամենայն հայոց բանաստեղծն իր շուրջն էր համախմբել թումանյանասերների` նորովի ընկալելի դարձնելու իր ուղերձները` շարունակելով մնալ սիրված մեծերի թե փոքրերի կողմից։
Ինչպիսի՜ ստեղծագործական աշխատանք` նորովի ու հետաքրքիր, շատ խորը և տարածական, որ նախաձեռնել էր Թումանյանի տուն-թանգարանը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 279 անգամ