Փոխնախարար Կարեն Գիլոյանի ղազախական խաղերը. ի՞նչ տարբերություն, հայ ես, թե՝ ուզբեկ2024-09-18 08:02:00
Ղազախական լրատվականներից մեկին տված իր հարցազրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որ այս պաշտոնը ստացավ շնորհիվ 2018-ի հեղափոխության՝ ապացուցելով իր «ճկունությունը», հետաքրքիր մեկնաբանություններով է հանդես եկել՝ կապված բոլորովին վերջերս Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի մասնակցության հետ: Օրինակ՝ պարզվում է, որ նրան մի այլ կարգի խինդ ու ծիծաղ է պարգևել այդ միջոցառումը՝ օգնելով նոր կապեր ձեռք բերել:
Ոմանց մոտ կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ է, վա՞տ է, որ Հայաստանը, լինելով բնավ ոչ քոչվոր ազգի պետություն, մասնակցել է այդ սպորտային միջոցառմանը, չէ՞ որ սպորտը միայն մերձեցնում է մարդկանց ու ազգերին՝ օգնելով նույնիսկ բարձրացնել միջազգային հարաբերությունների որակը:
Ողջ խնդիրն այն է, սակայն, որ սրանով, փաստորեն, Հայաստանն ինքն իրեն քոչվոր ազգի պետություն է ներկայացնում աշխարհին ու հրաշալի առիթ տալիս թուրք-ադրբեջանական հակագիտական պրոպագանդային՝ միջազգային ասպարեզում առաջ տանելու իրենց հակահայ թեզերը: Նրանք կարող են հայտարարել, թե եթե հայերը քոչվոր չէին, ապա ինչ էին անում Ղազախստանում, քոչվորների միջոցառման ժամանակ:
Իսկապես, ի՞նչ էինք անում:
Այն, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս միջոցառմանը և այս իշխանությունների օրոք, բնավ պատահական չէ. գործ ունենք կրկին թուրքական, իսկ այս դեպքում արդեն ավելի գլոբալ՝ թյուրքական օրակարգի սպասարկման հետ: Հայաստանի հաշվին ձևավորվելու է Թուրանը, որտեղ համախմբված են լինելու թյուրքական ժողովուրդների կողմից կերտված պետությոնները, ուստի որպեսզի Հայաստանը չխանգարի ադ միաձուլմանը, ինքն էլ է փորձում հանդես գալ որպես քոչվորների պետություն՝ չհարամելու ընդհանուր կոնտրաստը, և այս ամենը, բնականաբար, մեր ինքնության հաշվին: Գուցե վաղն էլ մեկ այլ միջոցառում լինի՝ ասենք քոչվոր ժողովուրդների մշակութային ժառանգությանը նվիրված, և գուցե Հայաստանը կրկին մասնակցի՝ Կարեն Գիլոյանի ժպիտի դիմաց:
Ի՞նչ կա որ, ի՞նչ տարբերություն հայ ես, թե՝ ուզբեկ, մարդս մարդ լինի…
Այս նյութը դիտել են - 504 անգամ