Ո՞ւմ հանգիստ չի տալիս Նժդեհը2024-09-18 10:18:00
Մինչ տարբեր ՔՊ-ականներ իրենց հարցազրույցներում հանրությանը վստահեցնում են, թե արվում է ամեն ինչ՝ առաջնագիծը կահավորելու, բանակը վերականգնելու ու այն մարտունակ դարձնելու համար, բանակում փորձ է արվում տարածել այնպիսի մի քայքայիչ պրոպագանդա, որը կարող է զինվորականությանն ամբողջությամբ թևաթափ անել՝ կոտրելով բանակի մարտական ոգին:
Պարզվում է, որ օրերս ՀՀ ԶՈՒ N զորամասում կազմակերպվել է Համո Բեկնազարյանի՝ բոլշևիկյան քարոզչական նարատիվներով ներծծված «Զանգեզուր» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ Գարեգին Նժդեհը ներկայացվում է շատ բացասական լույսի ներքո. ֆիլմը ժամանակին նկարահանվել էր խորհրդային իշխանությունների պատվերով՝ հայերի միջից ջնջելու Նժդեհի բարի անունն ու ազգային հերոսի համբավը:
Կան տեղեկություններ, որ ֆիլմի ցուցադրությունը հետևանք է եղել ինքնագործունեության, և ՊՆ-ում տեղյակ էլ չեն եղել դրա մասին: Այդպես է, թե՝ ոչ, պարզ կդառնա միայն այն դեպքում, եթե նշանակվի ծառայողական հետաքննություն՝ պարզելու իրողությունը:
Բայց միամտություն կլինի կարծելը, թե ներկայիս պայմաններում որևիցե ծառայողական հետաքննություն կարող է ի հայտ բերել իրականությունը:
Բանն այն է, որ Նժդեհին թիրախավորել սկսել է դեռևս ներկայումս ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեայանը դեռ այն տարիներին, երբ ոչ ոք չէր էլ կարող կասկածել, որ Հայաստանում կարող է լինել հեղափոխություն: Նա նույնպես իր հարցազրույցներում բազմիցս փորձել է վարկաբեկել Նժդեհին՝ թիրախավորելով Երրորդ հանրապետության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու արժեհամակարգը:
Արդյոք N զորամասում տեղի ունեցածը թրքահաճո պրոպագանդայի ինքնատիպ դրսևորում չէ՞ կամ՝ էքսպերիմենտ՝ ստուգելու հանրության արձագանքը:
Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս դեպքն արձանագրվում է մի ժամանակահատվածում, երբ վտանգված է Սյունիքը, երբ թուրքերն «Արևմտյան Ադրբեջանի» պրոպագանդան են առաջ մղում, որի հիմքում «Արևմտյան Զանգեզուրի» մասին քարոզչական առասպելն է՝ փաստ, որը տալիս է խորհելու ու անհանգստության լրջագույն առիթ՝ հատկապես աչքի առաջ ունենալով 44-օրյա պատերազմը:
Այս նյութը դիտել են - 303 անգամ