Հանրային ռադիոյի թրքացումը մասնակիորեն կասեցվեց. հանրային բողոքի էֆեկտը2024-09-20 10:49:00
Նախօրեին Հանրային ռադիոյի շուրջ բարձրացած սկանդալը կարծես թե ստացել է իր հանգուցալուծումը: Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի լրագրողներից մեկը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ իրենք կողմնորոշվելու են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով: «Արցախի հայաթափման տարելիցի առիթով,ինչ խոսք, հրաշալի նվեր էր»,-գրել էր Ալիսա Գևորգյանը, ում որդին, ի դեպ, զոհվել է 44-օրյա պատերազմում: Իր հերթին Հանրային ռադիոյի նոր տնօրեն Արմեն Քոլոյանը, որ այս պաշտոնին նշանակվեց բոլորովին վերջերս ՔՊ-ի միջոնրդության արդյունքում՝ նախկինում հանդիսանալով «Ազատութան» թիմի կարևոր մասնիկ, լրատվականներից մեկի հետ զրույցում խոստովանել էր, որ դա իր նախաձեռնությունն է և չի պատրաստվում հանել Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը պատից։
Եվ, ահա, պարզվում է, որ հանրային բողոքի ալիքն արդյունք է տվել, և գոնե Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը, այնուամենայնիվ, հանվել է «Ռադիոլուրի» պատից. «Բաքուն» փոխարինվել է «Ստեփանակերտով», բայց ահա «Անկարան» մնացել է:
Հանրային ռադիոյի նախկին տնօրենին փոխարինելու անհրաժեշտություն իշխանությունները զգացին, երբ պարզ դարձավ, որ նա չի տեղավորվում իշխանական թրքահաճո քաղաքակնաության շրջանակներում, և ահա կարճ ժամանակ, փաստորեն, պահանջվեց, որ պարզ դառնա՝ նորին՝ Արմեն Քոլոյանին շատ հոգեհարազատ է ադրբեջանամետ քաղաքականությունը, ավելին՝ նա պատրաստ է ամեն ինչի՝ ապացուցելու ՔՊ-ին իր նվիրվածությունը:
Բայց այստեղ մեկ այլ բան է առավել կարևոր՝ հանրային բացասական արձագանքի էֆեկտը:
Ակնհայտ է, որ եթե մարդիկ չբողոքեին, համակերեպվեին, ապա «Բաքուն» չէր հեռացվի: Սա տալիս է հիմքեր՝ պնդելու, որ եթե հանրությունը կոնսոլիդացվի, իր բողոքի ձայնը միասնաբար արտահայտի ընդդեմ վարվող թրքահաճո քաղաքականության, ապա իշխանություններն այլ ելք չեն ունենա, քան հաշվի նստել հանրային տրամադրությունների հետ: Ուղղակի ողջ խնդիրն այն է, որ հանրությունը միասնականություն չի ցուցաբերում՝ թրքասիրական քաղաքականության դեմ ձայն հանելու հարցում, և իշխանությունների ու նրանց դրսի տերերի մոտ ստեղծվում է թյուր տպավորություն, թե ինչ ուզեն, այն էլ կանեն՝ կշտամբանքի չարժանանալով:
Այս նյութը դիտել են - 406 անգամ