Իշխանական բուրգի ներսում իրար են հոշոտում. գլխավոր գիշատիչներից մեկը Սասուն Միքայելյանն է
2024-09-29 22:18:00

Մինչ գրեթե ողջ քաղաքական դաշտն ու մամուլը քննարկում են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի շուրջ ընթացող պրոցեսը, մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ ՔՊ-ի հաջորդ թիրախը կարող է լինել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը: Ազդեցիկ ՔՊ-ականներից մեկը, որը թիրախավորել է նրան, Սասուն Միքայելյանն է: 
Ըստ տեղեկությունների՝ Միքայելյանի ու Պետրոսյանի միջև ներկայիս լարված հարաբերությունների պատճառն Աբովյանում ազդեցության համար կռիվն է:
Եթե Գրիգոր Մինասյանի պարագան հասկանալի է ու միանգամայն մեկնելի, ապա Պետրոսյանի պարագան մի փոքր այլ է:
Խնդիրն այն է, որ նա համարվում է Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած դեմքերից մեկը, որ վայելում է լիարժեք վստահություն: Եթե չվայելեր, ապա դժվար թե նրան վստահվեր երկրում ամենակարևոր պաշտոններից մեկը: Մյուս կողմից, սակայն, կա Սասուն Միքայելյանի գործոնը, որը Փաշինյանը չի կարող անտեսել:
Հաշվի առնելով այն, որ Միքայելյանին Պետրոսյանի դեմ կռվում միացել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ ազդեցիկ ՔՊ-ականներից մեկն է համարվում, մեծ է հավանակությունը, որ Մինասյանի հարցերը լուծելուց հետո Պետրոսյանին էլ «թոշակի կուղարկեն»: Դա կարող են անել՝ասենք կոծկելու Մինասյանին թիրախավորելու բուն պատճառը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում ոմանք ուզում են թերևս առավել վստահելի մարդու տեսնել՝ զտարյուն ՔՊ-ականի:
Մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանի գործոնը նույնպես Փաշինյանը չի կարող անտեսել, քանի որ նրա օգնությամբ Փաշինյանն իր վերահսկողության տակ է պահում ԵԿՄ-ն, ինչն ունի գերկարևոր քաղաքական նշանակություն՝ այն էլ այս անհանգիստ ժամանակաշրջանում: Արդարդատության նախարար գտնելու հարցում ՔՊ-ում դժվար թե դժվարանան, իսկ ահա երկրորդ Սասուն Միքայելյան գտնելն անհնարին կլինի: Ճիշտ է՝ Միքայելյանը տեսախցիկների առաջ շատ չի երևում, սակայն նույն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում նա կարողացել է ապացուցել, որ պատրաստ է ՔՊ-ի հարատևման համար մինչև իսկ մարդկանց վրաերթի ենթարկել:
Իրականում ոչ թե ՔՊ-ի կամ Փաշինյանի համար է պատրաստ ամեն ինչի, այլ՝ փողերի, հանուն որոնց նա չի խորշի նաև թուրքի տակ մտնել:
Այս նյութը դիտել են - 958 անգամ