Սպասված հանգուցալուծում. ի՞նչ կտա կամ կխլի Գրիգոր Մինասյանի հրաժարականը2024-10-01 11:31:00
Գրիգոր Մինասյանի շուրջ վերջին շրջանում ծավալված գործընթացը հանգուցալուծվել է նրա հրաժարականի դիմումով: Շնորհակալություն հայտնելով իշխանություններին՝ իրեն աշխատելու հնարավորություն ընձեռելու համար՝ նա խոստացել է, որ իր աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի հետո՝ եկող նախարարների օրոք:
Մինասյանի հրաժարականի մասին տեղեկություններին զուգահեռ սկսեցին խոսել նաև Կարեն Անդրեասյանի հնարավոր հրաժարականի մասին, սակայն ԲԴԽ խոսնակն արդեն հայտարարել է, որ նա մտադիր չէ հրաժարական ներկայացնել: Այսպիսով՝ փորձ է արվել հերքել տեսակետը, որ ՔՊ-ում որոշել են Միքայել Մինասյանի հետ անքակտելի կապեր ունեցող մարդկանցից միագամից ազատվել:
Թե ինչպիսին կլինի Անդրեասյանի ճակատագիրը, ներկայումս թերևս դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ համընդհանուր տենդեցները կարող են և նրան ստիպել ավելորդ ինքնավստահություն չդրսևորել նմանօրինակ հարցերին արձագանքելիս:
Իրականում, սակայն, տվյալ դեպքում գլխավոր հարցը ոչ թե քաղաքական ներքին խարդավանքներն են, որոնց վերջ չկա կարծես, այլ՝ հարցը, թե ինչ կտա կամ ինչ կխլի ասենք նույն Գրիգոր Մինասյանի հրաժարականը Հայաստանի արդարադատական համակարգից, օգո՞ւտ է այն, թե՞ վնաս:
Խոշոր հաշվով ո՛չ օգուտ է, ո՛չ էլ՝ վնաս, քանի որ Հայաստանում արդարադատության համակարգը, դատարաններն ու իրավապահ ամբողջ սեգմենտը նստում-կանգնում են բացառապես մեկ մարդու հրահանգով, կատարում նրա թելադրանքը, տանում ՔՊ-ի քաղաքական գիծն ու սպասարկում իշխանական բուրգի ամենավերևում նստած մեկ-երկու հոգուն: Այս տխուր ավանդույթը նոր չէ, իհարկե, բայց ոչ ոք չի մոռացել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խոստումները, որոնք, ինչպես պետք է հետո պարզվեր, վուլգար պոպուլիզմից ծնված խաբկանք էին:
Այնպես որ՝ հարցը, թե ով է ՀՀ-ում այս կամ այն նախարարը, խիստ երկրորդական է, քանի որ բոլորի փոխարեն մտածում ու որոշումներ է ընդունում մեկ հոգի ընդամենը, իսկ մյուսները մեխանիկորեն կյանքի են կոչում վերադասի առաջադրած նարատիվները:
Այս նյութը դիտել են - 357 անգամ