Նիկոլ Փաշինյանը մտադի՞ր է հայ ժողովրդին կրկին կանգնեցնել փաստի առաջ…2024-10-02 10:40:00
ԱԺ-ում արձագանքելով ընդդիմության բողոքին, որ իշխանություններն արգելել են ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին, մի դեպքում, երբ հայտարարվում է, թե չկա ոչ մի գաղտնի բան՝ Նիկոլ Փաշինյանը դա համարել է արդարացված՝ասելով.«Այդ թղթերին ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող սոցիալական ցանցերում ինչ-որ գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել: Դուք գնաք, տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք: Ո՞րն է այդտեղ տրամաբանությունը»:
Իլհամ Ալիևը չի դադարում նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, իսկ Հայաստանն էլ չի դադարում «ականջները կախ» լսել ու հնազանդվել: Ընդդիմության անհանգստությունը պայմանավորված է ոչ միայն այս հանգամանքով, իհարկե, այլև 44-օրյա պատերազմի վերջամասով, երբ հանկարծ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պարտադրել են կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրել՝ հանձնելով մոտ 4 շրջան: Ասել կուզի՝ չկա որևիցե օբեկտիվ հիմք՝ հավատալու Փաշինյանի խոսքերին հիմա, երբ, ըստ էության, Հայաստանի ճակատագիրն է որոշվում հայ ժողովրդից անկախ:
Բաց ակնհայտ է, թե ինչն է Նիկոլ Փաշինյանին հատկապես գրգռել: Նա զայրացել է այն հանգամանքից, որ ընդդիմությունը հասարակության հետ իր շփումներում բացահայտել է շատ ու շատ անդրկուլիսյան հանգամանքներ, բաներ, որոնք չէին կարող բխել ՔՊ-ի քաղաքական շահերից:
Ակնհայտ է, որ եթե ներկայումս իբր բանակցվող փաստաթղթում չլինեին մութ անցքեր, հայադավ ձևակերպումներ ու պահանջներ, Փաշինյանը երբեք նման պատասխան չէր տա ընդդիմությանը, այլ պոպուլիստաբար կհանրայնացներ փաստաթղթի բոլոր դրույթները՝ դրանք ներկայացնելով որպես իր կողմից արձանագրված դիվանագիտական հաղթանակ:
Այս նյութը դիտել են - 499 անգամ