Ընդդիմադիր շարժման դեմքը կարող է փոխվել. ո՞վ կկարողանա կրկնել Բագրատ սրբազանի սխրանքը
2024-10-04 16:18:00


Մինչ իշխանական ողջ քարոզչական դաշտը քննարկում է Ոստիկանապետի ու Բագրատ սրբազանի միջև տեղի ունեցած լեզվակռվի դրվագները՝ վերլուծելով վերջինիս ամեն մի բառն ու տալով գնահատական, ոմանք սկսել են խոսել այն մասին, որ շուտով շարժման դեմքը կարող է և փոխվել, բայց թե ով կարող է կոնկրետ փոխարինել կարգավիճակը սառեցրած հոգևորականին, պարզ չէ:
Այս խոսակցությունները սկսեցին ակտիվանալ հատկապես Հ1-ում Բագրատ սրբազանի հարցազրույցից հետո, որին նախորդել էր նրա կոչը՝ ժողովրդին: Շատերը, այդ թվում՝ շարժման հանդեպ համակրանք տածողերը, սկսել են քննադատել հարցուպատասխանի ժամանակ Բագրատ սրբազանի հնչեցրած պատասխանները՝ համարելով դրանք ոչ տպավորիչ, հարցեր առաջացնող և այլն:
Հարց է առաջանում՝ արդյոք խոսակցություններն այն մասին, որ շարժման դեմքը կարող է փոխվել, կարո՞ղ են գործնականում կյանքի կոչվել այս տարի, եթե այո, ապա տեսականորեն ո՞վ կարող է սրբազանին փոխարինել:
Օրինակ՝ ժամանակին խոսվում էր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի մասին: Կար խոսակցություն նաև մի քանի այլ թեկնածուների մասին, սակայն այդ խոսակցությունները կարծես թե չգտան շարունակություն: 
Եթե սրբազանին փոխարեն, արդյոք շարժման նորելուկ դեմքը նույնքան խարիզմատիկ կարո՞ղ է լինել կամ քանի՞ հոգի կկարողանա հրապարակներում հավաքել:
Օրինակ՝ սրբազանին հաջողվեց պրակտիկորեն անհնարինը,երբ գարնանը տասնյակ հազարավորներ դուրս եկան փողոց՝ հավատալով շարժման օրակարգին: Նոր առաջնորդը, եթե այդպիսին լինի, կկարողանա՞ անել դրա կեսը:
Դաշտում կարծես թե չի նշմարվում այնպիսի մեկը, ով կարողանար իսկապես հմայել մասսաներին: Ավելին՝ եթե դաշտն ամայացած չլիներ, Բագրատ սրբազանի ֆիգուրն ի սկզբանե հրապարակ չէր բերվի,ինչը նշանակում է, որ շարժման դեմքի փոփոխությունը կարող է անիրագործելի խնդիր լինել, եթե, իհարկե, ընդդիմությունը խնդիր չի դրել՝ այն մարելու:
Այս նյութը դիտել են - 536 անգամ