Ի՞նչ ցույց տվեց հոկտեմբերի 2-ը2024-10-04 16:33:00
Ընդդիմության կողմից վաղօրոք խոստացված հոկտեմբերի 2-ի հանրահավաքը վերջապես կայացավ: Այն, իհարկե, մարդաշատ չէր, եթե չասենք, որ սակավամարդ էր, բայց մյուս կողմից՝ պետք չէ մոռանալ, որ շարժումը դեռ նոր է թափ հավաքում, ուստի նրանք, ովքեր շտապում են կնքել շարժման մահկանացուն հենց ամենասկզբից, ակնհայտորեն շտապում են, ժամանակից առաջ ընկնում:
Մյուս կողմից, սակայն, թե՛ հանրահավաքը, թե՛ դրան հաջորդած ակցիան ցույց տվեցին, որ Սրբազան շարժման վերաֆորմատավորման հարցն օրհասական է դարձել, քանի որ նախկին ֆորմատն իրեն այլևս սպառել է:
Գլխավոր հարցը, թե արդյոք հանրության ներսում կա՞ իշխանափոխության պահանջ, չարժե անգամ քննարկել, քանի որ այն միշտ էլ կա, բայց շարժման խնդիրն է անել այնպես, որ հանրության աչքում այդ նպատակին հասնելու միջոց դիտարկվի հենց Սրբազան շարժումը, և մարդիկ հենց այդ շարժման, այլ ոչ թե մեկ այլ բանի հետ կապեն իրենց հույսը: Այլ բան, եթե անկեղծ, չկա էլ ու խոշոր հաշվով դաշտը վաղուց է ամլացել, ուստի այն՝ թեկուզ և ոչ շատ ռեսուրսը, որ ունի շարժումը,պետք է խելամտորեն օգտագործել՝ առաջ չբերելու հանրային տոտալ հիասթափություն, որը կարող է ճակատագրական լինել:
Իշխանությունների շահերի տեսանկյունից, իհարկե, շատ լավ կլինի, եթե շարժումն արագորեն իրեն սպառի, սակայն պետական շահի ու դիմադրողականության տեսանկյունից դա կլինի իսկական աղետ, քանի որ հայտնի չէ՝ ինչ կարող է դրանից հետո լինել, ինչպիսի ճահճում կարող է երկիրը հայտնվել:
Որպեսզի հնարավոր լինի ճահիճը չընկնել, ընդդիմության բոլոր ճյուղերին պետք է մեկ բան՝ միասնականություն ինչպես գաղափարական, այնպես էլ գործնական դաշտում, քանի որ առանց դրա անհնար է լինելու իշխանություներին մարտահրավեր նետելը, իշխանափոխության որևիցե տեսլական առաջ բերելը կամ ռեալ այլընտանք դիտարկվելը: Հարկավոր է հստակ ծրագիր առաջարկել, բացատրել ապագա քայլերի հաջորդականությունն ու տրամաբանությունը, քանի որ այլևս անցյալում են միայն մեկ հոգուն մերժելու օրակարգի կամ գաղափարի շուրջ հանրությանը համախմբելու ժամանակները, քանզի այլ է նախևառաջ հասարակությունն ինքը և այլ՝ պետութանը պատուհասած մարտահրավերները:
Այս նյութը դիտել են - 499 անգամ