Ժաննա Անդրեասյանի ուղերձի վտանգավոր տողատակը
2024-10-07 12:50:00
Ուսուցչի միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ուղերձ հղել՝ համոզմունք հայտնելով, որ դպրոցն այն չէ, ինչ՝ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ: «Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները»,-մասնավորապես՝ նշել է իր ուղերձում Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքերը ոչ միանշանակ են հնչում՝ հատկապես նկատի ունենալով ներկայումս կրթության ու, մասնավորապես, նույն հանրակրթության ոլորտում պետության կողմից վարվող թրքահաճո քաղաքականության փաստը: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունի Անդրեասյանը՝ հայտարարելով, թե դպրոցում չեն կարող լինել արգելված թեմաներ, արդյոք ասենք հայ ժողովրդի հերոսների հեղինակությունը կամ ժառանգությունը կասկածի տակ դնելը կամ այդ ուղղութամբ մտածելը նույնպե՞ս կարող է համարվել ազատ մտածողության խրախուսմանը միտված էլեմենտ: 
Օրինակ՝ հայտնի է, որ Անդրեասյանը երիտասարդ ժամանակ հանդես էր գալիս Գարեգին Նժդեհի կերպարի փնովմամբ՝ նրան հռչակելով՝ ֆաշիստ: Կամ մի՞թե Ցեղասպանության թեման դպրոցական դասագրքերից դուրս թողնելը նույնպես «ազատ մտածելակերպի» ձևավորման կոնտեքստում է արվել՝ ջուր լցնելու թուրք-ադրբեջանական հակագիտական պրոպագանդայի ջրաղացին: Արդյոք այս ամենը «նոր իրականությունից» բխող ու «նոր ժամանակներին» հատուկ քաղաքականության հետևանք չէ՞, որի վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է կամ՝ այն բովանդակության, որ կրում է մեր երկիրն իր մեջ:
Մատաղ սերնդի դաստիրակությունն ազգային անվտանգության իմաստով գերկարևոր մի բան է, որով չեն կարող զվաղվել պատահական մարդիկ, իսկ այն, որ ՔՊ-ական բուրգում նմաների քանակը 90%-ից ավելին է, իրողություն է՝ գիտականորեն անհերքելի:
Այս նյութը դիտել են - 758 անգամ