Սամվել Կարապետյանի կոշտ պատասխանը Հովիկ Աբրահամյանին ...
2016-02-24 00:25:00

 Դրան հետեւեց ցանցերի պատասխանը, թե այդ պարտքը ցանցերի հետ որեւէ կապ չունի, եւ պարտքերը մարում է սեփականատերը:

 Սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը ցանցերի ձեռքբերումը ներկայացնում է որպես բիզնես եւ օգնություն Հայաստանին: Իհարկե, դա ոչ միայն բիզնես եւ օգնություն է, այլ նաեւ քաղաքականություն: Էլցանցերը Հայաստանի իշխանական համակարգի համար կարեւորագույն ռեսուրս են ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական տեսանկյունից:

 Հետեւաբար, ձեռք բերելով ցանցերը, Սամվել Կարապետյանը շոշափելիորեն ավելացրել է Հայաստանում իր քաղաքական ազդեցությունը: Թե ինչպիսին է Կարապետյանի հավակնությունը, դժվար է ասել: Կար ժամանակ, երբ նրա եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը համարվում էր Հայաստանի վարչապետի հավանական թեկնածու: Հատկապես 2008-ից հետո մամուլում հաճախ էր հրապարակվում, որ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պայմանավորվել են, որ մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրումների դիմաց Հայաստանի վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը:

 Այդուհանդերձ, Կարապետյանը վարչապետ չդարձավ, եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ազդեցությամբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյա՞նը խախտեց Կարապետյանի հետ պայմանավորվածությունը, թե Կարապետյանն էր հրաժարվել ֆինանսական ներդրումների մեծ ծավալից, դժվար է ասել: Ըստ ամենայնի, Սարգսյանն ու Կարապետյանը գտան «փոխզիջումային» տարբերակ, եւ Կարեն Կարապետյանը դարձավ նախ ՀՀԿ խմբակցության ղեկավար, իսկ հետո նշանակվեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար: 2012 թվականից Կարապետյանը վերստին պատգամավոր է:

 Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանը դարձավ բավական աշխույժ պատգամավոր, եւ հաճախակիացել են նրա ծավալուն հարցազրույցները տնտեսական քաղաքականության եւ ընդհանրապես կառավարման խնդիրների վերաբերյալ: Եվ դրանցում բավական ակնառու է քննադատությունը կառավարության հասցեին:

 Արդյոք Կարեն Կարապետյանը հավակնում է վարչապետի պաշտոնին՝ 2017 թվականի ընտրությունից հետո, թե՞ խորհրդարանական մեծամասնության ղեկավարի, այսինքն ԱԺ նախագահի: Քիչ հավանական է, որ Կարապետյանների որեւէ իշխանական կարգավիճակի հարցը լինի Ռուսաստանի իշխանության օրակարգում: Ռուսաստանի հայկական խոշոր կապիտալի հայաստանյան ներկայությունն անկասկած չի կարող ենթակա չլինել ռուսական քաղաքականության առաջնահերթություններին, բայց այդ ներկայությունն ինքնին արդեն բավարար է ՌԴ համար, իսկ կոնկրետ կարգավիճակային հարցերը Մոսկվայի համար թերեւս մանր են, առավել եւս այժմ:

 Բայց, դա նշանակում է, որ Հայաստանի ներսում դրա համար պայքարը կարող է ավելի թեժ լինել: Այստեղ էական է այն, որ վարչապետի պաշտոնի հավակնություն է ներկայացնում Սերժ Սարգսյանը: Նա այդ հարցի լուծումը փնտրում է դրսում: Դրսի լուծմանն են սպասում նաեւ ներիշխանական խմբերը: Քանի դեռ այստեղ հստակություն ու որոշակիություն չկա, վարչապետի պաշտոնի համար այդ խմբերի մրցակցությունը «պահեստային» է, եւ հիմնականը թերեւս նրանց համար դառնում է ԱԺ նախագահի պաշտոնը:

 Այստեղ հավանական է, որ Կարապետյաններն ու Հովիկ Աբրահամյանը 2017-ի համար գլխավոր հավակնորդներն են: Թեեւ երկուսն էլ Սերժ Սարգսյանի համար նվազ ընդունելի: Սարգսյանի համար առավել նախընտրելի կլինի ԱԺ այնպիսի նախագահ, որը չի ներկայացնում որեւէ ներիշխանական բեւեռ եւ լիովին ենթակա է իրեն:

 Բայց, հավանական է, որ Սարգսյանը լուծելով վարչապետի հարցը, կնախընտրի ԱԺ նախագահի հարցում գնալ փոխզիջման, այդ պաշտոնը լիովին վերցնելը հետաձգելով մինչեւ 2022 թվական: 

 Ու՞մ հետ է փոխզիջման գնալու Սերժ Սարգսյանը, Կարապետյանների՞, թե Հովիկ Աբրահամյանի: Դա իհարկե կախված կլինի նրանից, թե ով կլինի ավելի ուժեղ: Այստեղ Կարապետյանների դիրքերը շահեկան են, այն իմաստով, որ նրանք չունեն պատասխանատվություն կառավարության գործունեության համար: Ավելին, Կարապետյանները փորձում են բարեգործական իմիջի շնորհիվ վաստակել հանրային մեծ հեղինակություն, առավել եւս, որ Հայաստանում նրանք կարծես թե թաթախված չեն աղմկոտ պատմությունների մեջ:

 Այդ իմաստով, էլցանցերի ձեռքբերումը նախնական առումով բավական հարմար հարթակ էր, սակայն ներկայում իրավիճակը փոխվում է: Եթե նոր սեփականատիրոջից հանրությունն ակնկալում էր արդյունավետ կառավարում եւ ցածր գներ, ապա այժմ հանրությունը բողոքում է, որ էլեկտրաէներգիայի վարձավճարները բավական բարձր են: Դրան էլ գումարվեց այն, որ կառավարությունը փաստորեն հանրային պարտքի բեռն է ավելացնում՝ էլցանցերի պարտքը մարելու համար: Համենայն դեպս, կառավարությունը հենց այդպես ներկայացրեց խնդիրը:

 Եվ ահա հնչեց էլցանցերի, այսինքն Սամվել Կարապետյանի հակադարձումը, որը փաստորեն նշանակում է, որ կառավարությունը ստել է հանրությանը: Դա կարող է որոշակիորեն փոխել իրավիճակը եւ միավոր ավելացնել Կարապետյաններին: Իսկ դա էական ազդեցություն կունենա ներիշխանական բալանսի վրա:

 Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի ելույթում հստակ սահմանել է, որ 2017-ին պետք է անել անաղմուկ ընտրություն եւ լիարժեք կատարել Հայաստանի միջազգային հանձնառությունը այդ հարցում: Փաստացի, կառավարության գործողությունները ներկայում չեն նպաստում «անաղմուկ» ընտրության հեռանկարներին: ՀԷՑ-ի կամ Կարապետյանների մասով իրավիճակը առայժմ հարաբերական է:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1379 անգամ