Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
2024-11-11 23:05:00
Բառի զորությունն օր օրի ավելի է տեսանելի դառնում, ու մարդ արարածն զգուշանում է սրբացված բառեր գործածելուց։ Այդ ամենն ուղղորդվում է վերևից, ու մարդը երբեմն գործիք է դառնում, առաջնորդվում իր տերերի թելադրանքով։
Եվ այսպես` Արցախ հանձնող տեր ու հպատակներն սկսեցին զգուշանալ «Արցախ» բառից։ «Արարատի» գործածությունն էլ վտանգավոր դարձավ...
«Հայոց լեզուն» «հայերեն» դարձրին, եթե հնար լիներ «հայ» բառն էլ կվերափոխեին, ինչպես նախընտրեցին «հայ գրականության» դասագրքերից «հայը» հեռացնել։ «Պատմություն» բառն էլ վտանգավոր դարձավ, երբ չեն սիրում հայ ժողովրդի հինավուրց պատմության մասին խոսել։ Առավել արժեզրկեցին «հայրենիքն» ու «հայրենասիրությունը»։
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով... Եվ պարզվում է` ժողովրդի առաջարկով է կատարվում այդ վայրիվերո աղավաղումները, այնինչ այդ ժողովրդի ստվար հատվածն անհաղորդ է տեղի ունեցածից։
Ասում են` սուլթան Համիդի ժամանակներում արգելված էին «ազատություն», «արդարություն» և նման տիպի այլ բառերի գործածությունը, անգամ` «օգոստոս» բառը, երբ հայասպան դահիճը ծնվել էր այդ ամսում։ Գուցե համեմատությունս տեղին չէ, բայց որքա՜ն է շարունակվելու բառախաղի վերածված այս աչքակապությունը։
Վերջերս էլ առաջարկվեց հրաժարվել «Իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից ու վերաձևակերպել, որ «պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է»։
Հիշեցի ինձ ուղղված մի դիտողություն հայաստանաբնակ մտավորականի կողմից։ Գրեց ինձ, թե մեր պետականությանը վնասում եք, երբ դատապարտող խոսք եք գրում...Եթե երկրի մասին մտահոգվողները «պետությունը» սասանողներ են համարվում, ապա ինչպե՞ս որակել երկիր հանձնողներին, որ տեր ու տիրական դարձած` շարունակում են արժեքներ խեղաթյուրել։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 323 անգամ