Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է2024-11-12 12:02:00
Այս շրջանում սեփական քաղաքական թիմում յուրատեսակ մեկուսացման մեջ ու «իզգոյի» կարգավիճակում հայտնված Անդրանիկ Քոչարյանը, որ ԱԺ-ում, ինչպես հայտնի է, բավական լուրջ պաշտոն է զբաղեցնում, հայտարարել է, որ պատրաստվում են շատ շուտով ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ամբողջ ծավալով հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը՝ տալով հանրությանը հուզող հարցեի պատասխանները:
Այս զեկույցն իր տեսակի մեջ առաջինը չէ Հայաստանում. 2016-ի 4-օրյա պատերազմի հանգամանքները ևս ուսունասիրվել էին, սակայն բազմաթիվ բաց մնացած հարցերի պատասխաններ այդպես էլ չէին հնչել:
Պարտության խարանն իր ճակատին կրող հանրության մոտ այսօր հարցերի մի ամբողջ կույտ է «օդում կախված» մնացել. բոլորն ասես գիտեն՝ ինչ է իրականում տեղի ունեցել, բայց չունեն անվիճարկելի փաստեր՝ իմացածը հիմնավորելու: Ակնհայտ է, սակայն, որ առաջիկա զեկույցից շատ մեծ սպասելիքներ ունենալ չարժե, ավելին՝ դեռ այն չհնչած էլ կարելի է արդեն իսկ հաստատապես ասել, որ մատնանշվելիք մեղավորների շրջանակը սահմանփակվելու է զինվորականությամբ միայն, իսկ քաղաքական իշխանությունները մաքրվելու են, սրբվեն: Ավելին՝ նման հանձնաժողովի ստեղծման քաղաքական նպատակն է եղել ի սկզբանե տպավորություն ստեղծելը, թե իշխանությունները բանից անտեղյակ են եղել, իսկ դավաճանություն են գործել բացառապես հրամանատարներն ու նրանց ենթակաները՝ ոտնատակ տալով բարձրագույն իշխանությունների հրամանները:
Այնպես որ՝ չարժե մեծ ակնկալիքներ ունենալ հրապարակվելիք զեկույցից կամ կարծել, թե դրա հեղինակներն ի սկզբանե ունեցել են ամբողջ ճշմարտությունը բացահայտելու ազնիվ նպատակներ: ՔՊ-ական իշխանությունն ուեցել, ունի և ունենալու է միայն մեկ գերնպատակ՝ իշխանության պահպանումը, իսկ 44-օրյայի մասին ամբողջ ճշմարտության ի հայտ գալը չի կարող դրան նպաստել:
Այս նյութը դիտել են - 300 անգամ