Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում2024-11-13 12:28:00
ԱԺ-ում ելույթ ունենալով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով ՔՊ-ի շնորհիվ բանակում իբր ստեղծված դրախտային պայմանները, սեփական խոսքը եզրափակել է հետևյալ կերպ. «ՀՀ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել ՀՀ 29743 քկմ սուվերեն տարածքը, և սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել: Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված շուրջ 200 քկմ տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորոթյուն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով, առավել ևս՝ այդ քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելը, այլ խնդիր չունի և չի ունենալու»:
Պապիկյանի ելույթի մեխը պետք է համարել Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից փաստացի ձեռք քաշելուն առնչվող հատվածը, որ թերևս նմանվում է թշնամուց զինվելու թույլտվություն խնդրելուն՝ հաշվի առնելով նաև Ալիևի վերջին հոխորտանքները՝ Հայաստանի հասցեին:
Պապիկյանը հայտարարում է, թե իբր դեմարկացիան ու դելիմիտացիան օգնելու են հետ բերել գրավյալ տարածքները, սակայն պարզ է, որ նման բան տեղի չի ունենալու՝ նկատի ունենալով թե ինչ երկիր է Ադրբեջանը: Դա մի երկիր է, որ բացառապես ուժն է հարգում ու դրա առաջ խոնարհվում, ալ ոչ թե իրավունքը, իսկ եթե ՀՀ ՊՆ-ն, ի դեմս Պապիկանի, հայտարարում է, որ մատը մատին չեն տալու՝ տարածքները հետ բերու, նշանակում է, որ «կանաչ լույս են վառում» ադրբեջանցիների առաջ՝ նոր ագրեսիա իրականացնելու ու հինը մարսելու: Այլ կերպ ասած՝ դեմարկացիան ոչինչ Հայաստանին չի տալու, եթե դրա հետևում չկա ռեալ ուժ կամ ուժ ցուցադրելու ցանկություն:
Ինչ վերաբերում է բանակում տիրող վիճակին, ապա Պապիկյանը մինչև վերջ անկեղծ չի գտնվել ու ընկալելի բացատրություն չի ներկայացրել՝ կապված ասենք աճող սպանություների ու ինքնասպանությունների հարցի հետ՝ խնդիր, որ լավագունս է բնորոշում ներկայումս բանակում ստեղծված սոցիալ-հոգեբայական մթնոլորտը, բանակի ղեկավարման որակը:
Այս նյութը դիտել են - 405 անգամ