Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից2024-11-24 19:30:00
Իր նոր հարցազրույցում փորձելով հիմնավորել կամ բացատրել, թե ինչու է միանգամից 6 ղեկավարի ուղարկել հանգստի՝ Նիկոլ Փաշինյանը, որ նախ՝ գովաբանել է իր իսկ կողմից պաշտոնազրկված պաշտոնյաներին, ապա՝ հայտարարել, որ նույնիսկ համակարգերը բարեփոխած մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են համակարգի մաս, ըստ էության, ասել է, որ պաշտոնաթողությունների պատճառը պաշտոնյաների՝ կտրուկ գործողություններից խուսափելն է եղել, ինչը հասկանալի, բայց ոչ օգտակար գործելակերպ է:
Փաշինյանի հիմնավորումը բավական լուրջ հարցեր է առաջացնում:
Հայտնի է, որ Հայաստանում բոլոր որոշումներն ընդունվում են մեկ կենտրոնում՝ վարչապետի գրասենյակում: Եղե՞լ է այնպիսի մի հրահանգ, որի կատարման հարցում աշխատանքից զրկվածները թերացել են, կոնկրետ ո՞ր հարցում:
Իրականում Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հաստատել է, որ պաշտոնանկությունների հիմնական պատճառը գալիք ընտրություններն են: Ընդ որում՝ ակնհայտ է, որ Փաշինյանից առկա դժգոհությունների մի մասն էլ վերաբերում են այսպես ասած թալանածն այդպես էլ հետ չբերելուն: Նման հայտարարություններ անելով՝ Փաշինյանը փորձել է թալանի վերադարձի ձախողման համար ողջ պատախանատվությունը բարդել նախկին դարձած բարձրաստիճան չինովնիների ուսերին: Այսինքն՝ ոչ թե ինքն է պատճառը, որ թալանի վերադարձ չի եղել, այլ՝ այն, որ չինովնիկները մինչև վերջ այդ խնդրին հետամուտ չեն եղել՝ չնայած վարչապետի կաբինետից ստացված հրահանգներին:
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրության վրա նաղդելու է՛լ ոչինչ չունի, և եթե վաղը կայանային ընտրությունները, ապա նա էլի փորձելու էր կրկնել 2018-ի թեզերը: Որպեսզի կրկնվելիքը քաղաքականապես լինի շահավետ, օգուտ բերի, ձախողումները պետք է փաթաթել այլոց վզին, իսկ անձամբ ժողովրդին ներկայանալ հին՝ պոպուլիստական կերպարով:
Ավելին՝ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի նոր կադրերը կարող են նույնիսկ սկսել իրական պայքար «թալանչիների» դեմ, ինչ-որ մասկի շոուներ կազմակերպեն և այլն, սակայն կասկած չկա, որ իրական պայքար չի լինելու՝ պայմանավորված ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ գործոններով:
Չի լինելու, քանի որ իրականում այսօր Հայաստանի խնդիրը ոչ թե նախկիններն են, այլ՝ ներկաները, և փաստ է, որ ներկաների օրոք կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև շատացել ու կատարելագործվել է, իսկ եթե իսկապես կա իրական ցանկություն՝ թալանածը հետ բերելու, ապա պետք է սկսել սեփական անձից ու քաղաքական թիմից, իսկ նման ցանկություն դժվար թե իշխանությունների մոտ երբևիցե առաջանա՝ հասկանալի պատճառներով:
Այս նյութը դիտել են - 337 անգամ