Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել2024-12-03 01:24:00
«Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո առաջին անգամ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում բավական երկիմաստ հայտարարություններ է արել՝ կասկած գցելով մարդկանց սրտերը: Մասնավորապես՝ հայտարարել է, թե երկար ուսումնասիրություններից հետո հանգել է այն մտքին, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը չէ ու որ մի օր մարդկանց կփորձի բացատրել դա:
Հարցին՝ է՛լ ո՞ւմ է համարում պատերազմի պատասխանատու բացի Փաշինյանից, Նազարյանն արձագանքել է․«Այդ մասին ես հետո կխոսեմ, հիմա չեմ ասի, շատ բան գիտեմ, բայց կխոսեմ այն պահին, երբ իմ ասածը երկրին մի գրամ օգուտ կտա»:
Նազարյանը, փաստորեն, արդարացրել է Փաշինյանի՝ պատերազմից ետո արած այն հայտարարությունը, թե ինքը պատասխանատու է, բայց միակ մեղավորը չէ: Գլխավոր հարցն այն է, թե է՛լ ով կարող է լինել Փաշինյանին ու նրա թիմին հանցակից, կամ ի՞նչ գիտի Գեղամ Նազարյանը, որը ստիպել է նրան լքել «Հայաստան» դաշինքը:
Նազարյանը ՔՊ-ական քարոզչամեքենային փաստացի հրաշալի նվեր է մատուցել, եթե հաշվի առնենք այն, թե ինչեր են քարոզում ՔՊ-ականներն ու նրանց քարոզչամիջոցները:
Հետաքրքիր է՝ Նազարյանի անձով սահմանափակվո՞ւմ է այն ընդդիմադիրների թիվը, որոնք բան գիտեն, բայց չեն ասում: Սա լրջագույն հարց է, որի պատասխանից է կախված լինելու նաև խորհրդարանական ընդդիմության ճակատագիրը հատկապես առաջիկա ընտրություններում:
Բացառված չէ, սակայն, որ Նազարյանը մեղադրանքների սլաքներն ուղղում է ոչ թե ընդդիմության կամ նախկին իշխանության, այլ զինվորականության կողմը՝ չցանկանալով, սակայն, ընդարձակվել, տալ անուններ: Բոլոր դեպքերում Նազարյանի քաղաքացիական պարտքն է հնարավորինս շուտ ասել իմացածը. մարդիկ պե՛տք է իմանան՝ ով ով է այս երկրում, և ինչ է իմացել Գեղամ Նազարյանը:
Այս նյութը դիտել են - 380 անգամ