Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին2024-12-03 01:43:00
Մոսկվայի իր ընկերոջ զանգին սպասող Հովիկ Աղազարյանը տարածել է հայտարություն այն մասին, որ մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու, հեռանալու մասին: Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ իր այդ դիրքորոշումը պայմանավորված է երկու վայրույթի առկայությամբ՝ մեկը վերաբերող իր որդուն, որի մասին խոսել էր Արգիշտի Քյարամյանը, մյուսը՝ մանր եղջերավոր անասունների արտահանմանը, որտեղ ինքը ներգրավված է որպես վկա: Աղազարյանը հայտարարել է, որ եթե ընդուներ վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ինքը մեղավորություն չունի, ապա հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչ-որ գործարք է առաջարկվել, և ինքը գնացել է այդ գործարքին, իսկ եթե վարույթներից գոնե մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ինքը մեղավոր է, բնականաբար, կզրկվի պատգամավորական մանդատից:
Հովիկ Աղազարյանը, որ ՔՊ-ում իր որոշման հետ կապված արձագանքի բացասական լինելը միանգամայն հնարավոր է համարել՝ չբացառելով նաև գործին Գլխավոր դատախազի միջամտությունը, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի նյարդերի ամրությունն է որոշել ստուգել:
Ի՞նչ կարող է Նիկոլ Փաշինյանը տեսականորեն Աղազարյանի հետ անել:
Եթե գլխին գործ «կարեն» ու տանեն, ապա դա ոչ մի լավ ազդցություն չի ունենալու ՔՊ-ի ժողովրդական վարկանիշի վրա այն դեպքում, երբ ընտրությունները սարերի հետևում չեն: Եթե հետ կանգնի իր որոշումից, ապա կստացվի, որ Հովիկ Աղազայանի ոգին ավելի ամուր է, քան երկրի ղեկավարի սկզբունքայնությունը, որին կարելի է «կոտրել»: Այսպիսով՝ Աղազարյանը Փաշինյանին դրել է մի դիլեմայի առաջ, որից անվնաս ելք գործնականում գոյություն չունի:
Մյուս կողմից՝ Փաշինյանի համար այս իրավիճակը վտանգավոր է նաև այն պատճառով, որ կարող է «դուխավորել» ՔՊ-ական այն պատգամավորներին, որոնք այսքան ժամանակ կատարել են լոկ ուսապարկի դեր թիմում: Մտավոր ընդունակություններով չփայլող Աղազարյանի օրինակը կարող է վարակիչ լինել, և այն միահեծան կարգը, որ այժմ կա ՔՊ-ի ներսում, կարող է փլուզվել:
Ելք կարող է լինել «ուսուլով» թեմայից յան տալը, չսրելը, բայց այդ դեպքում էլ «օդում կախված» կմնա ՔՊ-ի ինքնամաքրման հարցը:
Եթե այս ամենը գծագրված թատրոն չէ, ապա Փաշինյանի վիճակը լուրջ է:
Այս նյութը դիտել են - 326 անգամ