Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
2024-12-03 11:01:00

Հայտնի է դարձել, որ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ հեռակա կարգով Գասպարյան Վովայի՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր փեսա Արթուր Գևորգյանի նկատմամբ դատաքննություն իրականացնելու մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ դատախազի որոշմամբ՝ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) (երեք դրվագ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նա, ի թիվս այլնի, ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ և 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ ու անշարժ գույք:
Մասնավորապես՝ 2015-ին 28 միլիոն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը: 2011-ի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանը: 2015-ի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը: 2016-ի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վալլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի բնակարանը: 2019-ի մարտի 6-ին 1 միլիոն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիմանում գտնվող առանձնատունը:
Արդյոք սա կարելի՞ է համարել արդարության հաղթանակ, թե՞ ոչ, դժվար է միանշանակորեն ասել, քանի որ եթե որպես արդարության բացարձակ հաղթանակ համարենք ճաղերի հետևում հայտնվելը, ապա ակնհայտ է, որ Վովայի փեսային դա դժվար թե սպառնա, իսկ եթե հաղթանակ համարվի ինքնին դատվելը՝ թեկուզ հեռակա կարգով, ապա ինչ-որ իմաստով սա կարելի է բնորոշել որպես փոքր հաղթանակ, քանի որ ցանկացած դեպքում Վովայի փեսան մնալու է շատ վատ կարգավիճակում. Հայաստան գալու դեպքում նա ճաղերի հետևում կհայտնվի՝ շատ վատ դրության մեջ դնելով Վովային, որի վիճակը նույնպես առաձնապես նախանձելի չես համարի:
2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելիս ակնհայտորեն նախկինների ու հեղափոխականների միջև տեղի էր ունեցել թավշյա գործարք, որը, սակայն, այլևս կորցրել է իր ուժը: Գուցե այդ կորուստն ամբողջական չէ, գուցե դեռ կան կարմիր գծեր, որոնք իշխանությունները չեն համարձակվում անցնել նախևառաջ իրենց դեմ առկա կոմպրոմատների պատճառով, բայց Վովայի փեսան հաստատ այն կալիբրի դեմքը չէ, հանուն որի որևէ մեկը պատրաստ է վա բանկ գնալ ու հարաբերությոններ սրել ՔՊ-ի հետ: Իշխանություններն էլ օգտվում են այդ իրավիճակից՝ իրենց համար քաղաքական ու նյութական դիվիդենտներ քաղելով:
Մյուս կողմից՝ պետք է արձանագրենք, որ փեսայի համար իր շուրջ ծավալվող հայաստանյան պրոցեսները չունեն շատ կենսական նշանակություն, քանի որ որքան որ Հայաստանում են հասցրել կուտակել, տասն այդքան էլ՝ դրսում:
Այս նյութը դիտել են - 202 անգամ