Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
2024-12-14 14:04:00
Խոսելով ՔՊ թիմի ներսում առկա ճգնաժամի մասին ու վարկաբեկելով որոշ ՔՊ-ականնբերի՝ Հովիկ Աղազարյանը ելք է առաջակել ստեղծված իրավիճակից՝ արտահերթ ընտրություններ: Նա այդ մասին ուղիղ է ասել՝ առանց այլևայլությունների:
Կա տեսակետ, որ թե՛ Աղազարյանի, թե՛ մյուս ՔՊ-ականների հետ տեղի ունեցողը ծրագրված խաղ է, որի խաղավարը հենց Նիկոլ Փաշինյանն է. ցանկանում է հասունացնել քաղաքական ճգնաժամ ու գնալ արտահերթ ընտրությունների: Բայց հայտնի է, որ ՔՊ-ականները միաձայն հերքում են այս տարբերակը՝ հայտարարելով, որ Հայաստանում ընտրությունները լինելու են բացառապես հերթական:
Հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է տալ իշխանություններին թեկուզ տեսականորեն արտահերթ ընտրությունների անցկացումը, երբ առավել քան ակնհայտ է, որ նոր ընտրութունների դեպքում ՔՊ-ն մեծամասնություն չի կազմելու խորհրդարանում:
Արտահերթ ընտրությունների անցկացումն իմաստ կունենա երկու դեպքում. առաջին՝ եթե արվեն լրջագույն զիջումներ թշնամուն, և Նիկոլ Փաշինյանը, ինչպես 2021-ին, խնդիր դնի՝ վերարտադրվելու, երկրորդը՝ եթե ՔՊ-ական իշխանությունը ցանկանա ուղղակի «թռնել»՝ հասկանալով, որ չի կարողանում երկրի առաջ ծառացած գերխնդիրները լուծել:
Օրինակ՝ կա տեսակետ, որ 2018-ին Փաշինյանի հաղթանակը հետևանք էր նախորդ իշխանություների մոտ հասունացած նման գիտակցման: Այսինքն՝ նման փորձ Հայաստանում եղել է, հետևաբար՝ հարկ եղած դեպքում ինչո՞ւ չկրկնել:
Այս դեպքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը նախապես պետք է լուծած լինի իր անվտանգային երաշխիքների հարցը, քանի որ ակնհայտ է, որ ի տարբերություն նախկինների, փաշինյանական իշխանությունը չի կարողանալու Հայաստանում ապրել ու արարել. չափից շատ կարմիր գծեր են հատել:
Գուցե կա մի «X» ժամ, որի մասին գիտի միայն Նիկոլ Փաշինյանը, և գուցե հենց այդ ժամին պատրաստ լինելու համար է տարվում այս խաղը, որ արտաքուստ բավական տարօրինակ է թվում, բայց միայն նրանց համար, ովքեր չունեն բավարար տեղեկություն իրերի իրական դրության մասին:
Իհարկե, կա նաև մեկ այլ տարբերակ՝ ներքին ապստամբությունը կամ ինքնամաքրումը, բայց դրանք մի տեսակ պարզունակ են թվում ընթացող պրոցեսների ու աշխարհաքաղաքական վտանգավոր գործընթացների ֆոնին:
Այս նյութը դիտել են - 447 անգամ