Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է2024-12-16 19:34:00
Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր՝ սափրված դեմքով հանրությանը ներկայացնելու իր ջանքերը՝ պատրաստվելով ընտրությունների: Աչք է ծակում հատկապես այն, որ նա իր չհայտարարված քարոզարշավում հիմնականում փորձում է անդրադառնալ Հայաստանի ներքին խնդիրներին՝ չներկայացնելով, սակայն, դրանց խորքային, բովանդակային վերլծությունը: Միակ բանը, որ այս ընթացաքում հասցրել է նա անել, իր կամ իր թիմի կողմից ընդունված որոշումների արդարացումն է եղել, համոզելը, որ առանց այդ կասկածելի լուծումների ներքին կյանքում առաջընթաց չի լինի:
Օրինակ՝ վերջին «լայվերից» մեկում նա խոսել էր հարկերի բարձրացման ու դրա հետևանքով փոքր բիզնեսի համար խնդիրների առաջացման թեմայով՝ փորձելով համոզել, թե ՔՊ-ի կողմից վարվելիք նոր հարկային քաղաքականությամբ մարդիկ միայն շահելու են, արդարություն է հաստատվելու և այլն:
Բայց արդյոք Հայաստանի թիվ մեկ խնդիրն այժմ ներքին կյանքին վերաբերող հարցե՞րն են այն էլ քարոզչական կոնտեքստում:
Գուցե նրանք, ովքեր չեն հետևում տարածաշրջանային զարգացումներին կամ գլուխ չեն հանում, այս հարցին կարող են դրական պատասխան տալ, բայց հավատացեք, որ ասենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցը միանգամայն տասներորդական է այն արտաքին մարտահրավերների առաջ, որոնց առաջիկայում մեր երկիրը բախվելու է:
Փոխարենը կոռուպցիայի դեմ պայքարից կամ այլ ծեծված թեմաներից դատարկ-դատարկ խոսելու, Փաշինյանը շատ ավելի լավ կաներ, եթե ներկայացներ այն մեխանիզմները, որոնց օգնությամբ իշխանությունները կարող էին դիմագրավել մարտահրավերներին, որ սպասվում են երկրին առաջիկայում: Օրինակ՝ ի՞նչ վիճակ է բանակում, եթե վաղը պատերազմ լինի, պետությունը կարողանալո՞ւ է աշխատել արտակարգ ռեժիմով, թե՞ կրկնվելու է 2020-ի պատմությունը, երբ պետական համակարգում տառացիորեն շունը տիրոջը չէր ճանաչում:
Սրանք հարցեր են, որոնք խուսափում են իշխանավորները շոշափել՝ անդադար երգելով թուրքերի հետ խաղաղ ու հաշտ ապրելու մասին ձանձրալի մուղամը:
Փաշինյանը երևի հույս ունի, որ եթե շրջանցի Հայաստանին հուզող հիմնարար հարցերը, ապա հասարակությունը նույնպես դրանց չի տա կարևորություն, բայց նա չի հասկանում, որ տխմարների ու տկարամիտների թիվը հայ հանրությունում շատ մեծ չէ, իսկ նրանք, ովքեր մտածել գիտեն, իշխանություններից իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստանում: Այլ կեպ ասած՝ չկա իշխանություն–հասարակություն իրական երկխոսություն, ինչպես ցանկանում են ներկայացնել ՔՊ-ում, այլ կա միայն ինչ-որ անհասկանալի տնազ, որ բավական չարագույժ է թվում:
Այս նյութը դիտել են - 327 անգամ