Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
2024-12-19 11:12:00
 

Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձև՝ երկրի կառավարությանը կոչ անելով հրավիրել միջազգային ֆորում՝ նպաստելու և խթանելու Արցախից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը։ Սրան զուգահեռ հայտնիէ դարձել, որ ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվեղ հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։
Ուշագավ է, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանից հնչող սպառնալից հայտարարությունների ֆոնին, երբ պահանջ է ներկայացվում հայաստանյան իշխանություններին՝ ապահովելու հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան», իսկ թշնամական բանակն էլ աննախադեպ ծավալներով զինվում է ու զինվարժանքներ անում՝ որպես թիրախ ունենալով Հայաստանի սուվերեն տարածքները: Գումարած սրան՝ Ալիևի՝ ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված վերջին հարցազրույցը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ խաղաղության պայմանագրի կնքման մասին ՔՊ-ի ունեցած բոլոր հույսերը սին են. Ադրբեջանը չի նախատեսում Հայաստանի հետ կողք կողքի ապրել խաղաղ գոյակցության ռեժիմում:
Այս ամենի ֆոնին մի շատ էական հարց է առաջանում՝ արդյոք վերոհիշյալ բանաձևերը կարո՞ղ են գեներացնել Հայաստանի համար անվտանգություն, թե՞ կրում են ձևական բնույթ:
Օրինակ՝ հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ևս արևմտյան աշխարհը կարծես թե Հայաստանի կողմն էր քարոզչական դաշտում, բայց դա թուրքերին չխանգարեց նախ՝ կործանել Արցախի պետականությունը, ապա՝ այնտեղից հայերին բռնագաղթի ենթարկել:
Փաստորեն, ո՛չ Ցեղասպանության միջազգային ճանաչման՝ ակնհայտորեն կասեցված գործընթացը, ո՛չ էլ Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը չգեներացրին հավելյալ անվտանգային երաշխիքներ հայության համար, ինչը տալիս լուրջ մտորումների առիթ ու պատճառ:
Իրականությունն այն է, որ միջազգային հանրությունը կամ նույնիսկ դաշնակիցները, եթե այդպիսիք կան, որևիցե դեպքում չեն կարող փոխարինել կառավարության կամ իշխանություններին: Եթե ՔՊ-ական իշխանությունն ինքը խնդիր չի տեսնում Արցախում տեղի ունեցածում, ապա ի՞նչ իրավունքով պետք է պահանջենք օտար երկրների իշխանություններից հետամուտ լինել հայկական շահերին Կովկասում իրերը կոչել իրենց անունով:
Այն օրերին,երբ արցախահայերը ենթարկվում էին բռնագաղթի, ՄԱԿ-ում հայաստանյան իշխանությունները հայտարարում էին, թե արցախներն իրենց բնօրրանը լքում են կամովին, իսկ հիմա, երբ առաջացել է Հայաստանի կործանման վտանգ, նույն այդ իշխանություններն ինչ-որ խաղաղության խաչմերուկից են խոսում ու նկարում ապագայի այնպիսի պատկերներ, որոնք առավել քան անիրական են թվում տարածաշրջանում թե՛ այսօր, թե՛ տեսանելի ապագայում:
Այս նյութը դիտել են - 72 անգամ