Փնտրվում է նոստրադամուս
2024-12-20 15:07:00
Հարցին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր հայրենակիցներին Սիրիայում, Զարեհ Սինանյանը պատասխանել է՝ ասելով, թե ինքը Նոստրադամուսը չէ ու չի կարող ասել՝ ինչ է սպասվում: «Մենք չեն կարող զբաղվել, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում, որովհետև շատ գործեր…»,-ասել է Սինանյանը լրագրողի հետ զրույցում:
Ինչո՞ւ է Սինանանին տարօրինակ թվացել հարցը, անհասկանալի է՝ հաշվի առնելով նորմալ երկրների պրակտիկան: Երևի ինքն էլ է հասկանում, որ քանի որ Հայաստանը նորմալ երկիր չէ, ուստի տարօրինակ կլիներ, եթե հնչած հարցին տար կոնկրետ պատասխան: Մինչդեռ եթե Հայաստանը, բայց հատկապես Սփյուռքի խնդիրներով զբաղվող պետական մարմինը չլիներ այնպիսին, ինչպիսին հիմա է, ապա հնչած հարցին Սինանյանը պետք է ունենար շատ կոնկրետ, մասնագիտական աշխատանքի արդյունքում ձևավորված պատասխան:
Մյուս կողմից՝ ումի՞ց ի՞նչ ենք ակնկալում. այս իշխանությունները չգիտեն նույնիսկ, թե ինչ է վաղը սպասվում Հայաստանին առհասարակ, է՛լ ո՞ւր մնաց իմանային, թե ինչէ լինելու Սփյուռքի այս կամ այն հատվածի հետ անորոշություններով լի այս ժամանակաշրջանում: Չկա ոչ մի կանխատեսելիություն, չկան մշակված պլաններ, չկան կոնկրետ իրավիճակներում գործելու մշակված ուղեցույցներ այնպես, ինպես չկար 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ երկիրը խրվել էր համատարած քաոսի մեջ, երբ բանը հասել էր նրան, որ մի ամբողջ երկրի վարչապետ քաղաքացիներին «լայվով» հորդորում էր տնից վերցնել բուշլատներ ու գնալ ռազմի դաշտ:
Այս նյութը դիտել են - 85 անգամ