Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
2024-12-23 13:28:00
Երևանյան իշխանությունները կարծես թե որոշել են հետքայլ անել հանրությանը «կթելու» նպատակով մշակված ծրագրից ու մեկ ամսով հետաձգել են տրանսպորտի գների թանկացումները: 
Ի դեպ՝ վարորդների համար բավական դրական մի որոշման մասին էլ հայտնի դարձավ օրերս, երբ պարզվեց՝ դատարանը որոշել է ճանաչել ոչ իրավաչափ կարմիր կետագծերի թանկացման վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ տարեկան վճարը հասցվել էր 160000 դրամի:
Իշխանությունների այսօրինակ քայլերը կարող են վկայել այն մասին, որ հանրությանն արհամարհելու, բացառապես սեփական գրպանային շահերն առաջ տանելու իշխանությունների գործելոճը ենթարկվում է վերանայման:
Բայց ինչո՞ւ հանկարծ որոշեցին հանրության սրտով գնալ:
Միակ տրամաբանական բացատրությունը, որ կարող է տրվել սրան, այն է, որ իշխանություններն այդ ամենն արել են՝ ելնելով քաղաքական հստակ հաշվարկներից: Հասկանում են՝ հանրային վարկանիշ առհասարակ չունեն, ուստի փորձում են վիճակն է՛լ ավելի չվատացնել:
Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները, ըստ երևույթին, գցել-բռնել են, որ միայն սոցցանցային ակտիվությամբ անհնար է լինելու անհրաժեշտ չափով տոկոս խփել, քանի որ նույնիսկ նկարչության համար մատերիալ է պետք. կարող են 30%-ը դարձնել ասենք 50+1, բայց 10%-ը 45% կամ 50% չես կարող դարձնել:
Իշխանությունների հաշվարկը, իհարկե, այն է, որ նման կոսմետիկ քայլերով կկարողանան հանրության մի մասի մոտ վարկանիշ ձեռք բերել, բայց չեն հասկացել, որ ոչ ոք միամիտ չէ, և բոլորն էլ հասկանում են՝ ինչն ինչու է արվում, ինչ հեռահար նպատակով: Նույնիսկ վերջին հիմարին էլ է պարզ, որ այս իշխանություններին չի կարելի վստահել նույնիսկ այն դեպքում, եթե որոշեն քաղաքային տրանսպորտն ամբողջությամբ անվճար դարձնել: Կդարձնեն, քվեները կհավաքեն, իսկ արդեն հաջորդ օրը կանցնեն իրենց հին գործին:
Մյուս կողմից՝ Հայաստանին պատուհասած փորձություններն ու սպասվելիք աղետներն այնքան շատ են ու մեծ, որ կենցաղային հարցերն այդ ամենի ֆոնին թվում են ոչ էական, քանի որ եթե վաղը Հայաստան չլինի, ոչ ոքի չի հուզելու հարցը, թե քաղաքում տրանսպորտը որքան արժե, կամ քարտային համակարգը գործում է, թե խոտան է:
Այս նյութը դիտել են - 279 անգամ