Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
2025-01-06 10:48:00
Մենք կանգնած ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան մեծ խորհրդի առջև, որը համարվում է մարդու հոգին ազնվացնող տոն, բայց ինչերի՜ միջով անցանք և ի՞նչ է տեղի ունենում մեր շուրջը։
Այս տոնը մեզ սովորեցնում է բարություն, ազնվություն, մեծագույն մարդասիրություն, որի կարիքն ունի աշխարհը, այնինչ «հին» աշխարհից հոգնած տերերը, աշխարհակարգի փոփոխություններով տարված, մահ ու ավերածություններ են սփռում ամենուր` դարերով ստեղծածը ոչնչացնելով, բնաջնջելով մարդկությանը...
Սուրբ ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային լավագույն հարաբերությունների արտահայտություն է, քանի որ Քրիստոսի սուրբ ծննդով մարդիկ կոչված են համերաշխ ապրելու իբրև հարազատ եղբայրներ՝ իբրև երկնավոր հոր որդիներ: Բայց ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբ մեր օրերում արժեքներ են ոչնչացվում, պատմություն խեղաթյուրվում, երբ աշխարհն է գլխիվայր շրջվել, մարդկային կյանքը` արժեզրկվել...
Մարդկային հոգին չէր կարող միայն բավարարվել նյութականով, նյութականից վեր հոգևոր սնունդ էր պահանջվում, մարդկությունը երազում էր արդարություն և խաղաղություն բերող Փրկչի գալստյանը: Եվ ՆԱ եկավ որպես հոգևոր սնունդ, եկավ մեզ հոգու անդորրություն բերելու, եկավ, որ իր հույսով ու հավատով ապրենք, այնինչ նյութականով ապրողների վայնասունն է լսվում ամենուր...
Եվ նոր օրերում, որպես սիրո, արդարության և խաղաղության հավերժական ճառագայթում, անհրաժեշտություն է դառնում Քրիստոսի Սուրբ ծննդյան լույսը, որը հոգևոր իմաստ ու բարոյական նպատակ է հաղորդում մարդու կյանքին:
Հայերս մեր ողջ պատմության ընթացքում հավատացել ենք Հիսուսի պատգամներով աշխարհը վերափոխելու, մարդու հոգին ազնվացնելու գաղափարներին ու այդպես էլ շարունակում ենք գալիք լավ օրերի երազանքներով ապրել։ Բայց ոչ միշտ են մեր երազանքներն իրականանում, երբ չարության որոմը բաժանարար գիծ է քաշում մարդկային հարաբերություններում ու հայտնվում ենք ներսի թե դրսի իշխողների մրցավազքում, շահերի բախման կիզակետում։
Օրինակը` հայրենիքից, տնից-տեղից զրկված արցախցիներիս անորոշ ճակատագիրը...
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը, ցանկանում մեզանից յուրաքանչյուրն ապրի իր հասանելիք ազնվագույն կյանքը, աշխարհին, անկուշտ տերերին հոգևոր սնունդ ցանկանանք, որ մոռանան նյութական քաղցը, ու խաղաղվի մարդկային կյանքը։
Միմյանց ավետենք. «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։
Ի պատասխան հնչի. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 253 անգամ