Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
2025-01-08 10:10:00
Նիկոլ Փաշինանն ու նրա արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են Ալիևի վերջին սպառնալիքներին. Փաշինյանը վստահեցրել է, որ միջանցք չի լինելու, քանի որ կա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ասել, որ ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել մարտունակ բանակ ունենալու ցանկության համար և այլն, իսկ Արարատ Միրզոյանն էլ ազերիների «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը համարել է ուղիղ սպանալիք՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը՝ հիշելով նույնիսկ Ադրբեջանից բռնագաղթած հարյուր հազարավոր հայերին:
Վերբալ մակարդակում այս անգամ կարծես թե ամեն ինչ լավ է ստացվել. տրվել է զգուշավոր, բայց և շատ առումներով սպառիչ պատասխան: 
Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ է այդ պատասխանն ունակ լինելու՝ զսպելու թշնամու ախորժակը՝ հաշվի առնելով այն, թե ինչ է երկրի ներսում կատավում:
Պրոցեսները, նկատենք, հուսադրող չեն. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են պոդքաստ անում՝ խոսելով ասենք Հակոբյանի ձեռքի ժամացույցի արժեքից, մյուս կողմից՝ ազգային հերոս հայտարարված հայտնի բարձրաստիճան զինվորականն է բանտ նետվում և այսպես շարունակ:
Այսինքն՝ թշնամին տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում շոուներ է բեմադրում՝ սիրով վերածվելով շոուի գլխավոր հերոսի: Ինչո՞ւ պետք է թնամին իր ախորժակը զսպի, եթե նրա առաջ կանգնած է ընդամենը մի բլոգեր, որ պատահաբար վարչապետ է աշխատում:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե խաղաղության մասին խոսելով կարող է զսպել թշնամուն, բայց իրականությունն այն է, որ թշնամին կարող է զսպվել միայն այն դեպքում, եթե տեսնի, որ Հայաստանի իշխանությունը գործ է անում, այլ ոչ թե նկարվում: Ընդ որում՝ չարժե հույս կապել նույնիսկ նրանց հետ, որոնց ձեռնտու չէ Կովկասում Թուրքիայի հեգեմոնիան, քանի որ այն, ինչ որ տեղի ուենցավ Սիրիայում, պետք է հուշի, որ այլոց վրա հույս դնել չի ստացվի, չի կարող Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ նկարվել, իսկ ասենք պարսիկները գան ու Հայաստանը փրկեն, կամ նույն Ռուսաստանն Ադրբեջան զորք մտցնի հանուն Երևանի շահերի:
Հայաստանը կանգնած է սիրիականացման շեմին, և այդ մասին պարզորոշ կերպով ակնարկում են թուրքերը՝ բաց մարտահրավեր նետելով ամբողջ ազգին:
Այս նյութը դիտել են - 278 անգամ