Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
2025-01-10 21:36:00
Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը շարունակում է հանրությանը ներկայանալ նոր՝ պոդքաստային ֆորմատով՝ օգնելով հանրությանը նորովի բացահայտել սեփական իշխանությանը: Եթե առաջին պոդքաստում քննարկման հիմնական առարկա էր դարձել ասենք Աննա Հակոբյանի ձեռքի ժամացույցի արժեքին առնչվող հարցը, ապա երկրորդում զույգը փորձել են ավելի լայնախոհ գտնվել ու քննարկել վարչապետի ամանորյա ուղերձը: Նրանք փորձել են հերթական անգամ գովազդել «Իրական Հայաստան» կոնցեպտն ու պնդել, որ եթե այդ կոնցեպտին չկառչենք, ապա կկորցնենք պետությունը: Իսկ այդ կոնցեպտը, մասնավորապես, ենթադրում է Արևմտյան Հայաստանի մասին մոռացություն, այդ կոնցեպտը ենթադրում է այնպիսի մի պետության կառուցում, որը, կարճ ասած, չի ազդի թուրքերի նյարդերի վրա: Ահա սա է եղել ամանորյա ուղերձի էությունը, որն էլ հերթական անգամ գովազդվել է պոդքաստային ֆորմատով:
Պոդքաստի ֆորմատը, ինչպես հայտնի է, ենթադրում է անկեղծություն:
Թե ինչու է այդ անկեղծությունը պետք եղել իշխող ընտանիքին, թերևս հասկանալի է. ընտրություններ են շուտով, ուստի փորձում են ժողովրդի սիրտը շահել ու շահել բավական ինքնատիպ ձևով՝ խաբեությամբ:
Խնդիրն այն է, որ Արևմտյան Հայաստանը մոռացության մատնելը չի կարող հանդիսանալ պետությունը պահպանելու երաշխիք, քանի որ Հայաստանի Հանրապետությունը երբեք Թուրքիայի նկատմամբ նկրտումներ չի ունեցել, ընդհակառակը՝ միշտ խոսվել է առանց նախապայմանների սահմանների բացման մասին, ինչին, սակայն, արձագանք չի եղել: Ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանի թեզը ընդունելի կլիներ, եթե ՀՀ-ն պատմական հիշողությունն ու փաստերն օգտագործեր ու Թուրքիայի հանդեպ պահանջներ ներկայացներ, ինչի իրավունքը, ի դեպ, ունի:
Ադրբեջանը բացահայտորեն պատերազմի է պատրաստվում, իսկ որոշ մասնագետներ նույնիսկ արդեն ժամկետներ են նշում: Ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում թշնամուն դիմակայել, Արևմտյան Հայաստանի գաղափարը փնովելո՞վ, թե՞ իսկապես կարծում է, որ եթե հայ ժողովուրդը հրաժարվի իր իրավունքներից, ապա Ալիևն էլ օրակարգից «Արևմտյան Ադրբեջանը» կհանի: Ցավոք, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ ագրեսիան բխում է ոչ թե Հայաստանից ու հայերից, այլ՝ թուրքերից, ու նրա աչքում մինչև հիմա տարածարջանի գլխավոր ագրեսորը հենց Հայաստանն է մնում, ինչը, իհարկե, նոնսենս է ու նույնքան ողբերգություն. ունենալ այս ծանրագույն իրավիճակում նման ղեկավարություն՝ իսկական աղետ է, խայտառակություն:
Այս նյութը դիտել են - 408 անգամ