Այսօր վերջապես հանգուցալուծում կստանա հայ ժողովրդին շաբաթներ շարունակ «տանջող» հարցը՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Արդեն հայտնի է, որ նախագահական նստավայրում կստորագրվի համագործակցության մասին հուշագիրը, որով Դաշնակցությանը կանցնեն երկու մարզպետի, երեք նախարարի և վեց փոխնախարարի պաշտոններ:
Կողմերը սա ներկայացնում են որպես պետության համար արվող քայլ, թեև այդպես էլ որևէ հիմնավոր, փաստարկված բացատրություն չի տրվել, թե հատկապես ինչով է այդ կոալիցիան ծառայելու պետությանը, ինչու էր ՀՀԿ-ին պակասում ՀՅԴ-ն: Համենայն դեպս, զուտ կուսակցական կամ խմբակային անհրաժեշտությունների մասին վկայող հանգամանքները հասարակության համար բավականաչափ տեսանելի են, իսկ ահա պետության կամ հանրային շահերի համար նման կոալիցիայի անհրաժեշտություն վկայող և ոչ մի հանգամանք նկատելի չէ: Փոխարենը, հասարակության շահերն արդեն իսկ ոտնահարվել են, քանի որ երկու կուսակցություններ առանց հանրային քվեի որոշել են իրար մեջ բաշխել հարկատուների հաշվին գոյություն ունեցող պաշտոնները, միաժամանակ ավելացվել է նախարարությունների թիվը՝ ՀՅԴ-ի համար: Այսինքն՝ ակնհայտ է հանրության հաշվին կուսակցական ռեսուրսները ավելացնելու իրողությունը:
Զուտ տեսականում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն իհարկե կարող են իրենց հետագա գործունեությամբ հանրությանը ցույց տալ, որ իրենք չէին ստում կամ կեղծում, երբ խոսում էին պետական շահի մասին: Եվ մեծ է հավանականությունը, որ ինչ-որ քայլեր նրանք անելու են, քանի որ առջևում ընտրություններ են, իսկ դրանք պետք է անցնեն հնարավորինս հանդարտ, սահուն, չդառնան սկանդալային պատմությունների պատճառ:
Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ կան միջազգային պարտավորություններ, որոնք պետք է պահել: Դրա համար իհարկե պետք է անել որոշակի քայլեր, որոնք կփոխեն հանրության վերաբերմունքը իշխանությունների հանդեպ: Սակայն այս դեպքում ըստ էության փոխվում է վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն ինքն իր հսկայական ռեսուրսներով ունակ չէ որևէ դրական բանի, և միայն ՀՅԴ-ի օգնությունն էր պետք դրա համար: Այսինքն՝ ակնհայտ է, որ կոալիցիայից հետո որևէ, թեկուզ կոսմետիկ դրական որևէ քայլ ինքնաբերաբար վերագրվում է ՀՅԴ-ին և աշխատում ՀՀԿ-ի դեմ:
Արդյունքում, իհարկե, խորհրդարանական մեծամասնությունը առավելագույնս անաղմուկ կերպով պահելու հնարավորություն է ստանում ՀՀԿ-ն, սակայն կոալիցիան ի վերջո այս կուսակցությանը բերում է հեղինակության նոր կորուստ:
Մյուս կողմից, այսօր իրավիճակն այնպիսին է, որ ՀՀԿ-ի համար նման գնով մեծամասնությունը պահելը, ըստ էության, չարյաց փոքրագույնին է հավասար, քանի որ իշխանություն պահելու մյուս տարբերակների համար հարկ կլինի վճարել առավել ծանր գին:
Այսպիսով, Դաշնակցության հետ կոալիցիան, մեծ հաշվով, ոչ միայն հանրության հաշվին է, այլ նաև ՀՀԿ-ի՝ այսպես ասած չեղած հեղինակության կամ էլ ավելի հեղինակազրկման: Իսկ սա արդեն Սերժ Սարգսյանի ոչ թե 2017 թվականի, այլ 2022-ի հաշվարկի մաս է:
Այս նյութը դիտել են - 1398 անգամ