Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է2025-01-20 18:29:00
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հերթական «լայվում» անդրադարձել է ապօրինի գույքի հետբերման խնդրին՝ հայտարարելով, թե այդ պրոցեսը շոշափում է ոչ միայն նախկինների իշխանության ժամանակահատվածը, այլև հետհեղափոխական փուլը, և հենց դա է, որ արժեք է հաղորդում այդ պրոցեսին, որի նպատակը ժողովրդից թալանածի վերադարձն է:
Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, թե 2018-ի իր խոստումներից ամենագլխավորներից էր հենց այդ հարցը, որը կարելի է լուծված համարել՝ ասես փորձելով համոզել հանրությանը, թե 2018-ի հեղափոխությունն ինչ-որ էական բան է փոխել երկրում:
Փոխելը փոխել է, իհարկե. եթե որևէ մեկն իմանար, որ հեղափոխությունից հետո կորցնելու ենք Արցախն ու հայտնվելու համազգային աղետի մեջ, դժվար թե հավանության արժանանար Փաշինյանի արկածախնդրությունը: Բայց սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմը դրա նման է. ներքին կյանքի փոփոխությունների, երկրում արդարություն հաստատելու հարցում նույնպես ոչ մի էական քայլ չի արվել:
Օրինակ՝ ո՞ր մի կարկառուն նախկինն է պատժվել այնպես, որ ոչ մեկին քիչ չթվար: Ակնհայտորեն գործարք է տեղի ունեցել նույն ՔՊ-ի կողմից թալանչի հռչակվածների ու Փաշինյանի միջև, ինչի արդյունքում նախ՝ հնարավոր դարձավ խուսափել սեփականության վերաբաշխման վտանգից, ապա՝ ստեղծել այնպիսի փոխլրացնող հարմոնիա, որ զրոյացնում է պատժի կամ արդարութան մասին Փաշինյանի խոսքերի արժեքը:
Ինչ վերաբերում է իբր հետհեղափոխական շրջանում ժողովրդից խլվածին ու դրա հնարավոր վերադարձին, ապա այդ մասին Փաշինյանի հայտարարությունները պարզ պոպուլիզմ ու դեմագոգիա են, քանի որ ընդամենը նպատակ ունեն՝ ստեղծելու տպավորոթյուն, թե ապօրինի գույքի հետվերադարձի պրոցեսը զերծ է քաղաքական ենթատեքստից կամ կոչված է՝ բացառապես արդարություն հաստատելու:
Հա, ի դեպ, ի՞նչ եղան Վովան ու փեսան…
Այս նյութը դիտել են - 231 անգամ