Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
2025-01-25 22:27:00
Սփյուռքահայերի հետ հանդիպմանը հայտարարելով, որ Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան ՀՀ–ից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում: Դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ: Դա արտագաղթն է։ ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա Սփյուռքից։ Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցացումը ՀՀ-ի հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք Սփյուռք չենք ունենա»:
Այն, որ Սփյուռքն այսօր ճգնաժամ է ապրում, օբյեկտիվ իրողություն է: Բայց հարց է առաջանում՝ այդ ճգնաժամից Սփյուռքը դուրս բերելու փաշինյանական բանաձևը որքանո՞վ է ճիշտ՝ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը:
Խնդիրն այն է, որ պետության այն մոդելը, որը ՔՊ-ն է առաջարկում ու գովազդում, չի կարող սփյուռքահայի համար փրկօղակ լինել. «Իրական Հայաստանի» կոնցեպտը, որտեղ Արևմտյան Հայաստանը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության արևմտյան շրջաններով, իսկ Արարատը համարվում է թուրքական հող, Սփյուռքի համար ընդունելի չի կարող լինել հենց միայն այն պարզ պատճառով, որ ավանդական Սփյուռքը ձևավորվել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության պատճառով. Մուշն ու Վանն են արևմտահայերի հայրենիքը ու հետո թերևս միայն 29743 քկմ-ով արհեստականորեն պարփակված Հայաստանի Հանրապետությունը: Եթե Հայաստանի Հանրապատետությունը հրաժարվում է հայ ժողովրդի օրինական իրավունքներից՝ մտնելով օսմանների կամ, որ է՛լ ավելի մեծ խայտառակություն է, Բաքվի տակ, ապա նման երկիրը չի կարող հայապահպանման առանցք լինել, ընդհակառակը՝ վտանգավոր է:
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում՝ Սփյուռքին՝ վերափոխվելու ու ՔՊ-ական հայացքներ ունենալու. կա՛մ կլինի այդպես, կա՛մ Սփյուռք չի լինի ընդհանրապես: Իսկ հայտնի է, որ ազգային ինքնության ուրացման ու դրանից բխող հետևանքների հարցում խիստ շահագրգիռ է Թուրքիան, քանի որ Ցեղասպանության խնդիրն ուղղակիորեն կապված է հենց Սփյուռքի հետ. ներկայիս սփյուռքահայերի տատերին ու պապերին, ապուպապերին են կոտորել Օսմանյան կայսրությունում ու թալանել, այլ ոչ թե ասենք իջևանցիներին:
Նիկոլ Փաշինյանի հայեցակարգը մեռելածին ու հաջողություն ունենալու որևիցե շանս չունեցող կոնցեպտ է, որը սպառնում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այդ երկու սուբյեկտին միմյանց հետ թշնամացնում: Սա չպետք է տարօրինակ համարել թերևս, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ քաղաքականություն է ներկայիս իշխանությունը վարում. ցանկանում են ինտենգրվել թյուրքական աշխարհին, իսկ այդ աշխարհում հայկական ինքնությանը թշնամաբար են վերաբերվում:
Այս նյութը դիտել են - 583 անգամ