Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
2025-01-25 23:08:00

Շվեյցարահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ այն, ինչ որ մենք համարում ենք ճշմարտություն, ճշմարտությո՞ւն է, թե՞ չէ: «…Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք ա վերադառնանք, պետք ա հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց ա, որ 1939թ.-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց ա, որ 1950թ.-ին Հայոց ցեղասպանության օրակարգը հայտնվել ա: Ո՞նց ա էղել, էս մենք պե՞տք ա հասկանանք, թե՞ չպետք ա հասկանանք, էս թեմաների հետ պե՞տք ա հարաբերվենք, թե՞ չպետք ա հարաբերվենք, մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ մենք մեր ինքնությունը չենք կառավարում»,-հայտարարել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է լուծել:
Փաստորեն՝ Հայոց Ցեղասպանութան հարցում Նիկոլ Փաշինյանը լրջագույն կասկածներ ունի այնպես, ինչպես Թուրքիան, և սա՝ այն դեպքում, երբ աշխարհի բոլոր ցեղասպանագետները, այդ թվում՝ թուրք մասնագետներից շատերը, գիտականորեն ապացուցված փաստ են համարում ցեղասպանության իրողությունը:
Փաշինյանը կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանութան փաստը՝ առաջարկելով վերադառնալ հետ ու ևս մեկ անգամ քննել հայտնի իրադարձությունները, որոնք, ըստ էության, բեկումնային եղան հայոց պատմության մեջ՝ կանխորոշելով մեր ժողովրդի պատմության հետագա ընթացքը:
Բանը կարող է հասնել նրան, որ Հայաստանն ու Թուրքիան մի օր կստեղծեն պատմաբանների հանձնաժողով՝ մի բան, որը միշտ եղել է թուրքական օրակարգի մասը. նման հանձնաժողովի ստեղծումն ինքնին նշանակելու է Հայոց Ցեղասպանության փաստի ժխտում, և հենց այդ նպատակով է, որ Անկարան մշտապես հանդես է եկել նման առաջարկով՝ ուղղված ՀՀ բոլոր նախորդ իշխանություններին: Բոլորն էլ, ի պատիվ իրենց, մերժել են այդ գաղափարը՝ նշմարելով դրանից բխող բոլոր վտանգները:
Փաշինյանի համար վտանգը Հայոց Ցեղասպանության հարցի արծարծումն է ինքնին, այն կատարված փաստ է, հետևապես՝ իրավաքաղաքական հետևանքների հանգեցնող իրողություն համարելը: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. այդպես է պահանջում Էրդողանը, որը, ինչպես հայտնի է, վերջերս էր Փաշինյանին նվիրել իր գիրքը:
Սա հայ ժողովրդի համար կործանարար օրակարգ է, որը պետք է բնում խեղդել:
Բացառված չէ, որ մի օր էլ ՔՊ-ական իշխանությունը հայտարարի, որ հայերն են կոտորել թուրքերին, այլ ոչ թե հակառակը ճիշտ այնպես, ինչպես հաճախ փորձում է ներկայացնել թուրքական պետական պրոպագանդան՝ հակազդելու բոլորին հայտնի ճշմարտությանը:
Ո՞վ է այն իրական հայը, որ այսքանից հետո պետք է ՔՊ ընտրի կամ Փաշինյանին հայ ժողովրդին արժանի ղեկավար համարի…
Այս նյութը դիտել են - 538 անգամ