Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
2025-01-28 11:59:00
Ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը սկսել են անդրադառնալ նաև ՔՊ-ականներն ու իշխանական պաշտոնյաները՝ փորձելով բացահայտ ուրացումը ներկայանցել որպես պրագմատիզմի դրսևորում:
Հատկապես հետաքրքիր ու խոսուն է ստացվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարություններին. պնդելով, որ Փաշինյանը Ցեղասպանությունը չի ուրացել՝ Չախոյանը կոնկրետ թիրախավորել է «Կարգին Հայկոյին», որը քննադատել էր Փաշինյանի՝ Ցեղապանության մասին հայտարարությունը: «Սուպերմամաներն ունեն հասկանալու խնդիր, կամ ձևացնում են, թե չեն հասկացել՝ իրենց քաղաքական փիառը կազմակերպելով Ծիծեռնակաբերդի ու ցեղասպանության զոհերի հաշվին»,-մասնավորապես՝ գրել է Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նիկոլ Փաշինյանի հայադավ հայտարարությունները մերկացնել շտապել են բազմաթիվ ընդդիմադիրներ՝ թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ արտախորհրադարանական ուժերից: Կարճ ասած՝ ով չի ալարել, Փաշինյանին հակադարձել ու մեղադրել է՝ հաճախ բանեցնելով բավական սուր բառամթերք, որ թերևս տեղին է:
Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Չախոյանը, որ իշխանական պրոպագանդայի հիմնական լոկոմոտիվներից մեկն է, թիրախավորել հենց Հայկոյին, նրանի՞ց է վտանգ զգացել, մյուսներից՝ ո՞չ, թե՞ թիրախավորելով՝ նրան է փորձել առաջին պլան բերել՝ դիտմամբ ստվերելու մյուս քննադատներին:
Այս հարցի պատասխանը միանշանակ չէ. մի կողմից՝ ակնհայտ է, որ ասենք նույն տրանսպորտի գների թանկացման դեմ Մարությանի մղած պայքարն ավելի էֆեկտիվ պետք է համարել, քան մյուսներինը, քանի որ նա շատ ավելի մեծ թվով ստորագորություններ է կարողացել հավաքել, մեծ լսարան ապահովել և այլն՝ իշխանություններին տհաճ անակնկալի բերելով, մյուս կողմից՝ կա մի բան, որը լուրջ հարվածի տակ է դնում հայտնի կոմիկի շանսերը՝ ներկայանալու իշխանություններին որպես ռեալ այլընտրանք: Ոչ վաղ անցյալում ՔՊ-ական թիմի կարկառուն անդամներից մեկը լինելն է ու այն հետագիծը, որ նա թողել է իր հետևից՝ լինելով քաղաքապետ ոչ վաղ անցյալում:
Տեսականորեն չի բացառվում, որ Մարությանին թիրախավորելու հիմքում ընկած է քաղաքական լուրջ հաշվարկ՝ հենց նրանից ստանալու իշանություններին մրցակից, քանի որ նա շատ ավելի հարմար մրցակից կարող է լինել, քան նրանք, ովքեր երբևիցե ՔՊ-ական թիմի կարկառուն անդամ չեն եղել: Այլ կերպ ասած՝ Չախոյանի նպատակը ոչ թե «Կարգին Հայկոյին» խանգարելը, այլ օգնելը կարող է լինել՝ մյուսներին ստվերելու համար՝ նկատի ունենալով հատկապես այն, որ ընտրությունները սարերի հետևում չեն, իսկ իշխանություններին կառավարելի ընդդիմություն է պետք:
Այսօր Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանությանը հայոհյում են շատ-շատերը, բայց հասարակության խնդիրն է լինելու թացը չորից տարբերելը, որպեսզի չստացվի 2018-ի կրկնությունը, երբ իշխանության բերվեց նախկին իշխանությունների կլիենտներից մեկը «հեղափոխության» անվան տակ:
Այս նյութը դիտել են - 305 անգամ