Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
2025-01-30 21:23:00
Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյացրիայում Ցեղասպանության մասին արած խայտառակ հայտարարությունների իսկությանը վերաբերող հարցին, ըստ էության, անպատասխան է թողել հարցն ու հայտարարել, որ չի կարող պատասխանել հարցին, քանի որ հարցի մեջ տեսնում է մանիպուլյացիա, ապա իրեն ուղղված ուղիղ հարցին՝ ցեղասպանություն եղե՞լ է, ամոթանք է տվել լրագրողին՝ ասելով.«Չե՞ք ամաչում՝ նման հարց եք տալիս»:
 Անահիտ Ավանեսյանի պատասխանը բնութագրիչ կարելի է համարել ողջ ՔՊ-ի համար. երբ Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, մյուսներն իրավունք չեն ունենում՝ սեփական կարծիքը հնչեցնելու այս կամ այն խնդրի վերաբերյալ: Բոլորը միաձայն կա՛մ արդարացնում են նրան, կամ, լավագույն դեպքում, չեն պատասխանում իրենց ուղղված հարցերին: 
Ավանեսյանի դեպքում կարծես թե գործ ունենք երկրորդ տարբերակի հետ:
Բայց արդյոք Ավանեսյանին ուղղված հարցը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո ձեռք չի՞ բերել լեգիտիմություն:
Չէ, իհարկե, առնվազն անբարոյականություն է պատմական իրողությունը կասկածի տակ դնելը, դա չի քննարկվում, բայց օտարի աչքերով եթե նայում ես այս ողջ խեղկատակությանը, չի կարող չառաջանալ օբյեկտիվ մտահոգություն:
Օրինակ ՝ ինչո՞ւ պետք է թշնամին չառիթավորվի Փաշինյանի հայտարարություններից ու հակահայկական պրոպագանդան ու կեղծիքն ավելի մեծ թափով չտարածի, եթե Հայաստանի ղեկավարն իրեն թույլ է տալիս անել մի հայտարարություն, որը եթե օտարն աներ, ապա ողջ հայ ժողովուրդը մատ թափ կտար այդ մարդու վրա, կանիծեր: Բայց հիմա քանի՞սն են մատ թափ տալիս Փաշինյանի վրա, քանիսի՞ վեջին է, թե ինչ է նա խոսում:
Սա վկայում է մեկ բանի մասին՝ հայ ժողովուրդը հայտնվել է ազգային անկման, բարոյալքման հորձանուտում՝ նույնիսկ սեփական ինքնությունը կասկածի տակ դնելու աստիճան:
Եթե հայ հասարակությունը չլիներ հիվանդ, ապա Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Շվեյցարիայից չէր հասնելու «Զվարթնոց» օդանավակայան, կամ վայրէջքից հետո մի այնպիսի բունտ պետք է բռնկվեր, որ վերջում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար:
Ամենամեծ հարցը հետևյալն է՝ ո՞վ է կոտրել հայ ժողովրդի իմունիտետը, արդյոք միայն Նիկոլ Փաշինյա՞նը…
Այս նյութը դիտել են - 323 անգամ