Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
2025-02-01 16:21:00

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում փորձել է հիմնավորել այն, թե ինչու ինքը ոչ մի ծպտուն չի հանում, երբ Բաքվից Հայաստանի հասցեին հնչում են տգեղ հայտարարություններ, մեղադրանքներ: 
Նա հայտարարել է, թե այդպես չի վարվում, որպեսզի չլուծվի Ալիևի խնդիրը: «Ո՞րն ա դրա նպատակը, որ սրտներս հովանա՞: Բայց կարա սրտներս հովանա, բայց սրտներիս հովացման արդյունքում լուծվի էն խնդիրը, ոչ թե մեր խնդիրն ա, այլ դիմացինի խնդիրն ա»,- մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը՝ կոչ անելով լինել սառը, մնալ փաստարկների դաշտում, հակառակ դեպքում՝ էմոցիաների դաշտ մտնելու դեպքում, ինչը մեզ հետ եղել է, լավ արդյունքներ չեն լինի:
Փաշինյանի հայտարարություններից երևում է, որ նա ոչ մի պատկերացում չունի ազգային ու պետական արժանապատվության մասին: Ընդ որում՝ նկատենք, որ շատ դեպքերում Ադրբեջանից հնչած խայտառակ հայտարարություններին որևիցե պատասխան չէր էլ տրվում առհասարակ, ոչ էլ հնչում էին այն փաստարկները, որոնց մասին հիմա Փաշինյանն է խոսում: Կար մի շրջան, երբ հայաստանյան իշխանություններն ուղղակի իրենց ու Հայաստանի հասցեին հնչող հայհոյանքներին ի պատասխան ժպտում էին կամ իրենց խուլուհամրի տեղ դնում:
Իրականում Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառը ոչ թե պատերազմից խուսափելն է, ինչի մասին նա պնդում է, այլ սեփական իշխանությունը չսասանելն է նրա հիմնական նպատակը. ՔՊ-ական իշխանությունը հիմնվում է Անկարայի վրա, իսկ Անկարայի համար Բաքվի շահերն առաջնային են: Հենց որ Նիկոլ Փաշինյանը դադարի կատարել իր գործառույթները, նրան կփոխարինեն մեկ ուրիշով, իսկ Փաշինյանը չի ցանկանում կորցնել իշխանությունը ոչ մի պարագայում:
Բայց ոչ պակաս էական է Փաշինյանի՝ էմոցիաներով առաջնորդվելու մասին հայտարարությունը, ինչից բխում է, որ 44-օրյա պատերազմը, փաստորեն, եղել է էմոցիոնալ որոշման հետևանք: Փաշինյանի էմոցիաների զոհն են, փաստորեն, բազմահազար երիտասարդներն ու Արցախը, քանի որ հայտնի է, որ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու հնարավորություն է եղել, որից վարչապետը չի օգտվել, պատերազմն էլ չի կանգնեցրել, երբ նման շանս է եղել:
Եթե հայ հանրությունը լիներ նորմալ, եթե չլիներ ուղնուծուծով քայքայված ու ապակողմնորոշված, ապա այս հայտարարություններից հետո Փաշինյանը պետք է բավել լրջագույն քաղաքական հեետևանքների: Ցավոք, մեկ անգամ չէ, որ ապացուցվել է՝ հանրության ու քաղաքական ուժերի շրջանում ապատիան տոտալ բնույթ է կրում:
Այս նյութը դիտել են - 153 անգամ